«Այն զառացանքները, որ ՀՀ տարածքում կան ադրբեջանական հողեր, կարող են գալ և փշրվել Գոմաձորի եկեղեցու հավիտենական քարերին»․ Էդգար Էլբակյան
«Եթե սահմանագծում իրականացվի ԽՍՀՄ Գլխավոր շտաբի վերջին թողարկման քարտեզներով, ապա ոչ միայն այդ չարաբաստիկ 3 անկլավների հետ գործ ունենք, այլ նաև, որ սահմանագիծն արևելքից, այսպես ասենք, տեղափոխվում է դեպի արևմուտք։ Ինչի՞ մասին է խոսքը։ Եթե համեմատենք Գլխավոր շտաբի քարտեզը կամ GPS-ային քարտեզն այսօրվա առաջնագծի կամ շփման գծի հետ, կտեսնենք, որ շատ տեղերում մեր առաջնագիծը, մեր զինված ուժերն ավելի արևելք են, քան քարտեզն է»,- Տավուշի մարզում Գոմաձորի եկեղեցու մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայկական նախագիծ» հասարակական կազմակերպության համահիմնադիր, քաղաքագետ Էդգար Էլբակյանը։
Քաղաքագետը հատուկ շեշտեց՝ սահմանագծի փոփոխությունով, Հայաստանի Հանրապետությունը Վրաստանին ու Ռուսաստանի Դաշնությանը կապող մայրուղին մի քանի տեղով՝ մոտ 2.05 կիլոմետր, ուղղակիորեն հայտնվելու է Ադրբեջանի տարածքում.
«Հատուկ եմ ցանկանում շեշտել, ոչ թե Ադրբեջանի վերահսկողության տակ, դիտման տակ, այլ ուղղակիորեն նրա տարածքում»։
Գոմաձորի եկեղեցու մասին քաղաքագետն ասաց, որ այն 13–րդ դարի է․
«Իր հորինվածքի և կառուցվածքային առանձնահատկություններից է դա երևում։ Հայկական այս եկեղեցին, այս հուշարձանը գտնվում է «GPS-ային Ադրբեջանի» տարածքում։ Գտնվելուց զատ, այն նաև կենդանի վկայություն է առ այն, որ հայկական ներկայությունն այս տարածքներում, մեղմ ասած, շատ ավելի հին է, քան առհասարակ թյուրքական ներկայությունը, առավել ևս՝ ադրբեջանական։ Բոլոր այն բանդագուշանքները, զառանցանքները, որ ՀՀ տարածքում կան ադրբեջանական հողեր, ադրբեջանական տարածքներ, շատ սահուն կերպով կարող են գալ և փշրվել այս եկեղեցու հավիտենական քարերին․․․»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում