Ինչո՞ւ են տրամագծորեն տարբեր Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի՝ հայկական և ռուսական պաշտոնական հաղորդագրությունների բովանդակությունները
Հայկական կողմի նախաձեռնությամբ մայիսի 13-ի ուշ երեկոյան տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին տեղեկացնում է kremlin.ru-ն:
Զրույցի ընթացքում շարունակվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ քննարկումը:
Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպի առնչությամբ մտքերի փոխանակության ընթացքում Վլադիմիր Պուտինը շեշտադրել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների կողմից 2020թ. նոյեմբերի 9-ին և 2021թ. հունվարի 11-ին ստորագրված հայտարարությունների բոլոր կետերի խստիվ կատարումը, հատկապես կրակի դադարեցման ռեժիմի պահպանման անվերապահ պահպանման առումով:
Ռուսական կողմից հաստատվել է ակտիվ միջնորդական առաքելություն իրականացնելու և Երևանի ու Բաքվի հետ շարունակական շփումների անհրաժեշտության տրամադրվածությունը՝ տարածաշրջանում կայունությունը պահպանելու նպատակով:
Նիկոլ Փաշինյանը, իր երախտագիտությունը հայտնելով Ռուսաստանի նախագահին, արտահայտվել է փոխգործակցության և կառուցողական երկխոսություն հաստատելու օգտին, որպեսզի առաջացող բոլոր խնդիրները լուծվեն բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական եղանակներով:
Կայքը գրել է նաև, որ շոշափվել են նաև Հարավային Կովկասում տնտեսական ու տրանսպորտային-լոգիստիկ կապերի վերականգնման հարցերը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր մակարդակներում հետագա շփումների ուղղությամբ:
ՀՀ վարչապետին լուսաբանող պաշտոնական կայքում, սակայն, այս հեռախոսազրույցի տեքստը բոլորովին ուրիշ է:
«Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին տեղեկացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածք՝ Սյունիքի մարզ ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակի մասին:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նախագահ Պուտինին տեղեկացրել է նաև, որ ինքը երեկ հանձնարարել է պաշտոնապես դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի ընթացակարգերի 2-րդ հոդվածին համապատասխան խորհրդակցություններ սկսելու համար:
Վլադիմիր Պուտինն անթույլատրելի է համարել հետագա էսկալացիան և հույս հայտնել իրավիճակի արագ կայունացման ու 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման վերաբերյալ: Ռուսական կողմը վերահաստատել է ակտիվ միջնորդական ջանքերը շարունակելու իր տրամադրվածությունը` տարածաշրջանում կայունություն ապահովելու նպատակով:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ այս իրավիճակի լուծումը պետք է արտահայտվի ադրբեջանական զորքերի՝ ելման դիրքեր հետ վերադարձով»,- գրված է primeminister.am կայքում:
Անշուշտ, էլի են եղել դեպքեր, երբ հայկական ու ռուսական պաշտոնական հաղորդագրություններում տարբերություններ են արձանագրվել երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցների բովանդակության առումով, սակայն, դժվար է մտաբերել դեպք, երբ գործ ունենանք երկու տարբեր տեքստերի հետ:
Այն, ինչ գրված է հայկական կողմի տարածած հաղորդագրության մեջ, կարևոր է, սակայն ռուսական կողմի հաղորդագրության մեջ բոլորովին այլ բովանդակություն ենք տեսնում:
Սա կարող է երկու պատճառ ունենալ՝ կամ ռուսական կողմը որևէ կերպ չի կարևորում օրախնդիր հայկական օրակարգը, կամ էլ մեր կողմի տարածած հաղորդագրության բովանդակությունը որևէ աղերս չունի զրույցի իրական բովանդակության հետ:
Երկու դեպքում էլ իրավիճակը մխիթարական չէ: