«Բարսան» կփորձի գնել Լաուտարոյին, եթե չկարողանա ձեռք բերել Հոլանդին
«Բարսելոնան» վերադարձել է «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին ձեռք բերելու գաղափարին:
23-ամյա հարձակվողի ձեռքբերումը կատալոնացիների համար առաջնային էր կորոնավիրուսի համաճարակի բռնկումից առաջ, ինչը լրջորեն ազդեց ակումբի ֆինանսական վիճակի վրա: Հիմա «Բարսան» վերադառնում է Լաուտարոյի տրանսֆերի մասին մտածելուն: Ակումբը կփորձի պայմանագիր կնքել, եթե չկարողանա ձեռք բերել «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին, գրում է Mundo Deportivo-ն՝ հղում անելով RAC1-ին:
Լաուտարոյի գործող պայմանագրի ժամկետն «Ինտերի» հետ կավարտվի 2023 թվականին: Վերջերս ֆուտբոլիստը խոսեց ակումբի հետ նոր պայմանագիր ստորագրելու մտադրության մասին, բայց իրավիճակի վրա ազդում է «Ինտերի» ֆինանսական վիճակի անորոշությունը: Տեղեկություններ կային ակումբի վաճառքի մասին, բայց միլանցիների նախագահ Սթիվեն Չժանը հերքեց այս տեղեկությունը:
Ընթացիկ մրցաշրջանում Լաուտարոն բոլոր մրցաշարերում «Ինտերի» կազմում անցկացրած 37 խաղում դարձել է 16 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Սիրարփի Աղաբաբյան