Բաժիններ՝

Բարդ խաղ հավաքականի համար, Հայաստան-Ռումինիա

Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը հաղթեց երկու մեկնարկային հանդիպում: Կկարողանա՞ն Խոակին Կապարոսի սաները վաստակել հերթական 3 միավորը։

Հայաստան

Հայաստանի ազգային հավաքականն ուրախացրեց իր երկրպագուներին աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի մեկնարկային խաղերով: Առաջին շրջանում թիմը հյուրընկալվեց Լիխտենշտեյնին, ում ամբողջ խաղի ընթացքում ճնշումներից հետո հաղթեց վերջնամասում՝ նվաճելով նվազագույն հաղթանակ (1:0):

Երեք օր անց Հայաստանը հյուրընկալեց երբեմնի ահեղ Իսլանդիայի հավաքականին, որը Երևանից հեռացավ առանց միավորների: Տանտերերի վստահ հաղթանակն ապահովեցին երկրորդ խաղակեսում Բարսեղյանի ու Բայրամյանի գոլերը: Այս արդյունքներով հայերը հաղթական շարքը երկարացրեցին բոլոր մրցաշարերում չորս հանդիպման: 2020 թվականին ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայում թիմը հաղթեց Վրաստանին (2:1) և Հյուսիսային Մակեդոնիային (1:0)՝ դառնալով Ազգերի լիգայի խմբի հաղթող:

Հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը նշում է, որ հավաքականում փոխվել է մտածելակերպ։

«Հիմա շատ ուրիշ կերպ ենք մտածում և պատրաստվում խաղերին։ Նոր մարզչի հետ նոր մտքեր են եկել, ու մենք սկսում ենք իրագործել դրանք։ Ավելի շատ ենք հավատում մեր ուժերին»,- նշում է Բարսեղյանը։

Այն, որ հավաքականը Ռումինիային երբեք չի հաղթել, չի վախեցնում ֆուտբոլիստներին, քանի որ, ըստ Բարսեղյանի, հավաքականն Իսլանդիային էլ չէր հաղթել, բայց կարողացավ հաղթել այս անգամ։

Հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը նշում է, որ Իսլանդիայի և Ռումինիայի հավաքականները շատ տարբեր են։

«Ինչպես տեսանք, Իսլանդիայի հավաքականը ֆիզիկապես շատ ուժեղ թիմ է, իսկ Ռումինիան շատ նման է մեզ՝ խաղալով ուղղահայաց և բարձր արագությունների վրա, ունենալով երիտասարդ ֆուտբոլիստներ։ Շատ լավ թիմ է։ Խաղադաշտում շատ հստակ պատկերացնում են իրենց խնդիրները, այնպես որ, մեզ դժվար խաղ է սպասվում։

Մենք ամեն խաղին պատրաստվում ենք՝ հաշվի առնելով մեր մրցակիցներին։ Մենք պետք է առաջին հերթին գոհ լինենք նրանից, որ մեր ֆուտբոլիստները համապատասխան տրամադրված են»,- նշում է Խոակին Կապարոսը։

Այս անգամ հավաքականի հայտացուցակում չեն ընդգրկվել Գևորգ Ղազարյանը, Արամ Քոչարյանը, Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատը, Հայկ Իշխանյանը և Արթուր Միրանյանը։

Ռումինիա

Ընտրական փուլի մեկնարկում Միրել Ռադոյի թիմը սեփական հարկի տակ ընդունեց Հյուսիսային Մակեդոնիային: Խաղի ավարտից չորս րոպե առաջ խփած գոլը ռումինացիներին թույլ տվեց հաղթանակ կորզել (3:2):

Գերմանացիների դեմ հերթական տնային խաղում Ռումինիան արդյունավետ խաղ չցուցաբերեց ՝ նվազագույն 0:1 հաշվով զիջելով մրցակցին: Այս պարտությամբ ռումինացիներն ընդհատեցին հաջող մենամարտերի շարքը (երեք հաղթանակ և մեկ ոչ-ոքի):

Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Միխայ Ստոյցկան, ով նախկինում եղել է Հայաստանի հավաքականի մարզիչը, նշում է, որ չի սպասում, որ իր թիմը կհաղթի 5:0 հաշվով, բայց իրենք պատրաստ են այս խաղին նամբողջությամբ և չունեն վնասվածքներ։

Ռումինիայի հավաքականի պաշտպան Նիկուշոր Բանչուն խաղից առաջ նշել է, որ Հայաստանի հավաքականում կան շատ որակյալ ֆուտբոլիստներ, բայց իրենք պարտավոր են հաղթել այս խաղում։

Հիշեցնենք, որ խաղը կկայանա այսօր՝ 20։00-ին, Հանրապետական մարզադաշտում։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս