«Ադրբեջանը չի վերադարձնում գերիներին՝ ակնհայտորեն օգտագործելով դա քաղաքական տարբեր նպատակների համար». Արման Թաթոյան

ՄԻՊ Արման Թաթոյանի խոսքով՝ Ադրբեջանում գտնվող գերիների (ՄԻՊ կանխավարկածով՝ գերիների թվում կարող են լինել զինվորականներ, քաղաքացիական անձինք, կանայք) չվերադարձնելու հարցը, անհայտ կորածների, այդ թվում՝ մարմինների որոնման հարցերում Ադրբեջանի դրսևորած քաղաքականությունն ամբողջությամբ տեղավորվում են այդ երկրից Հայաստանի ու հայերի նկատմամբ եկող ատելության ու թշնամանքի քաղաքականության կոնտեքստում:

«Նրանց այդ քաղաքականությունն ակնհայտ նորից հիմնված է թշնամանքի քաղաքականության վրա: Նրանք այդ կերպ ակնհայտորեն պատճառում են հոգեկան տառապանքներ գերիների ընտանիքներին, Հայաստանի հասարակությանը, առաջացնում են լարվածություն: Ադրբեջանի իշխանությունները շատ լավ են, չէ՞, դա գիտակցում, որ իրենք առաջացնում են լարվածություն, որ իրենք հոգեկան տառապանքներ են պատճառում, բայց, չնայած դրան, շարունակում են անել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արման Թաթոյանը:

Օմբուդսմենը նշեց, որ ինքը նույնպես նկատել է գերիների հարցի շահարկում տարբեր պաշտոնյաների ու գործիչների կողմից, սակայն գերիներին վերադարձնելու կամ չվերադարձնելու հարցում, Թաթոյանի պնդմամբ, այդ շահարկումները չեն կարող որևէ ազդեցություն ունենալ:

«Գլխավոր խնդիրը, ինչ էլ ուզում է լինի՝ անկախ այդ շահարկում, ոչ շահարկում, ի վերջո, այն է, որ Ադրբեջանը չի վերադարձնում գերիներին՝ ակնհայտորեն օգտագործելով դա քաղաքական տարբեր նպատակների համար: Օրինակ, լրատվամիջոցներում հրապարակումներ եղան, որ տարածքային տարբեր հարցերի հետ կապված՝ իրենք գերիների հարցն օգտագործում են: Դա պատերազմական հանցագործության հասնող արարք է: Մենք պետք է միջազգային կառույցներին սա ճիշտ ներկայացնենք: Եվ այդ շահարկումները ցանկացած երկրում կարող են լինել:

Այստեղ խնդիրն այն է, որ Ադրբեջանը հենց ինքը նպաստում է, որ երկրում լարվածությունը մեծանա, և իրենց դա ձեռնտու է, ակնհայտորեն ձեռնտու է: Դրա համար է, որ Ադրբեջանն անընդհատ փորձում է իրավական ինստանցիաները հեռու պահել և միայն քաղաքականի տակ աշխատել»,- ասաց Արման Թաթոյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս