Հայաստանի քաղաքացու բնականոն, խաղաղ կյանքի հաշվին խաղաղություն լինել չի կարող. Արման Թաթոյան

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերություններին այն դեպքում, երբ թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան շարունակում են թշնամական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ:  Թաթոյանի խոսքով՝ հայ ժողովուրդը, Հայաստանի բնակչությունը երբեք չի առաջնորդվել թշնամական զգացումներով և խաղաղասեր է: Բայց այս համատեքստում պետք է ունենանք այն գիտակցումը, որ մենք ունենք մեր հարևանությամբ ապրող պետություն, որը շատ բարձր մակարդակի հովանավորվող թշնամանքով է տրամադրված մեր հանդեպ: Ըստ ՄԻՊ-ի՝ եթե անգամ մենք փորձենք խաղաղության գործընթացի ողջ պատասխանատվությունը վերցնել մեզ վրա, ոչինչ չի փոխվի, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան մեզ համարում են իրենց թշնամին:

«Հարցը բոլորովին այլ տեղում է, որ մենք շրջապատված ենք, մենք ապրում ենք Ադրբեջանի հարևանությամբ, որտեղ կա խորքային ատելություն Հայաստանի քաղաքացիների, հայ ժողովրդի նկատմամբ՝ ընդհանրապես, և առհասարակ՝ Հայաստանի հետ կապ ունեցող մարդու հետ նույնիսկ: Խոսքը վերաբերում է նրան, որ Ադրբեջանում բացահայտ ձևով Ադրբեջանի իշխանության մարմինները Հայաստանին, հայերին, հայ ժողովրդին առհասարակ համարում են իրենց թշնամի: Եվ, ըստ որում, թշնամանքը ոչ միայն էթնիկ հիմքով է, այսինքն՝ պարզապես հայ լինելու հիմքով էլ, այլ նաև կրոնական հիմքով է: Խոսքը վերաբերում է ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև, իհարկե, Թուրքիային»,- ասաց Արման Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով՝ Ադրբեջանում վարում են բացահայտ պետական հովանավորչությամբ ատելության քաղաքականություն, և Ադրբեջանի նախագահն էլ երբեք չի թաքցրել դա: Թաթոյանը ներկայացրեց Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները՝ արված 2021թ. հունվարի 15-ին և մարտի 5-ին, որտեղ Ալիևը հպարտությամբ խոսում էր ադրբեջանցիների՝ հայերի հանդեպ ատելության  մասին: Թաթոյանը նաև հիշեցրեց Թուրքիայի նախագահի 2020թ. դեկտեմբերի 10-ի ռազմական զորահանդեսի ժամանակ արած հայտարարությունը, երբ ուղիղ համեմատություն էր կատարել 44-օրյա պատերազմի և Ցեղասպանության ոճրագործության միջև:

ՄԻՊ-ը լրագրողների հետ հանդիպման ժամանակ  անդրադարձավ  նաև ՄԻԵԴ վճիռներին, որոնցով հաստատվել է, որ Ադրբեջանում հայերի նկատմամբ բռնությունն ու սպանությունն ունի էթնիկ շարժառիթներ:

«Այսինքն՝ մենք ունենք մի երկիր՝ Ադրբեջան, որտեղ դաստիարակվել, մեծացել է  մի ամբողջ սերունդ՝ թշնամանքով լցված: Դա ունի պետական հովանավորչություն: Ադրբեջանի նախագահն ինքը միայն հպարտանում է դրանով: Եվ միջազգային դատական ատյաններում են անգամ նշում, որ հայասպանությունը լայնորեն ողջունվում է»,- նշեց օմբուդսմենը:

Արման Թաթոյանի խոսքով՝ Ադրբեջանի իշխանություններն արտաքին աշխարհին բոլորովին այլ բան են ցույց տալիս՝ թե խաղաղություն են ուզում ու պատրաստ են խաղաղության, իրականում առաջ են տանում կեղծ խաղաղասիրական նախաձեռնություններ:

«Իրականում նրանք, նրանց զինվորները երազում են, թե երբ առիթ կունենան, հնարավորություն՝  հայերին մորթելու, խոշտանգելու, բռնաբարելու, որովհետև այս ամենը մենք տեսել ենք և՛ նրանց պահվածքում, և՛ այդ խոշտանգումները կատարելիս…

Չի կարող խաղաղություն լինել միայն մեր հաշվին, հասկանո՞ւմ եք: Հայաստանի Հանրապետության քաղաքացու հաշվին, Հայաստանի Հանրապետության քաղաքացու խաղաղ կյանքի, բնականոն կյանքի հաշվին խաղաղություն լինել չի կարող: Դա նշանակում է՝ թշնամանք, էլի ատելություն, որն Ադրբեջանը նորից, անընդհատ սերմանում է»,- ասաց Արման Թաթոյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս