Կորոնավիրուսը որոշակի հետևանքներ թողնում է արյան շրջանառության և հոգեկան առողջության վրա․ Անահիտ Ավանեսյան
Թեստավորվածների 18 տոկոսի դրական լինելը բավականին լարված համաճարակային իրավիճակի մասին է վկայում, թվերի կայուն աճ կա։ Այս մասին Azatutyun.am-ի հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսային իրավիճակին։
«Այս պահին ունենք 2160 հոսպիտալացված քաղաքացիներ, ունենում ենք հերթեր, որոնք սպասում են ազատվող մահճակալների»,-ասաց նա և նշեց, որ հիվանդանոցային ծավալը մեծացվում է, ավելանում են մահճակալներ։
Նա հայտնեց, որ 540 կրկնավարակի դեպք ենք գրանցել, և Հայաստանում մահացության տոկոսը միջինից ցածր է՝ համեմատած այլ երկրների, ինչպես նաև ունենք առողջացման լավ ցուցանիշ։
«Կորոնավիրուսը որոշակի հետևանքներ թողնում է արյան շրջանառության վրա, հոգեկան առողջության վրա ունի ազդեցություն, և նման տենդենց ամբողջ աշխարհում նկատվում է»,–ասաց նա։
Անդրադառնալով պատվաստանյութերին՝ նա նշեց, որ բնականոն կյանքին վերադառնալու ամենագործուն մեխանիզմներից մեկը պատվաստանյութն է, իսկ հակապատվաստումային շարժում ամբողջ աշխարհում կա։
Առողջապահության նախարարը կարևորեց առկա սահմանափակող միջոցառումների, կանխարգելիչ միջոցառումների պահպանումը, մասնավորապես, փակ տարածքներում դիմակի կրման պարտադիր ռեժիմի ապահովումը։ «Սահամանափակումները բերում են շարժողականության քչացման և վիրուսի նվազման, բայց ամեն ինչ պետք է դիտարկել ընդհանուր հանրային շահի տեսանկյունից»,–ասաց նա և հայտնեց, որ իրենք իրենց առաջարկությունները ներկայացրել են կառավարությանը։
Ինչ վերաբերում է, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի մարզային հանդիպումներին և առաջիկայում քարոզարշավին՝ կորոնավիրուսի տարածման առումով, Անահիտ Ավանեսյանը նշեց, որ մենք ունենք սահմանված կանոններ, և դրանց պահպանումը կարևոր է, իսկ հանրահավաքները թույլատրված են։
«Մենք այս պահին հետազոտում ենք, թե այլ երկրներում այս ընթացքում իրականացված նախընտրական, ընտրության օրը կազմակերպելու ինչ լրացուցիչ միջոցառումներ պետք է ունենանք մեր արսենալում, և դրանք անպայման կմշակվեն, և կարվի հնարավորը՝ պաշտպանելու քաղաքացիներին, նաև չխաթարելու ընտրական պրոցեսները։ Դա նաև կախված է նրանից, որ չթողնենք, որ մինչև նախընտրական շրջան ունենանք թվերի այսպիսի աճ»,–ասաց նա։