Բաժիններ՝

Արցախում խաղաղապահների համար նախատեսված շարժական ավանները շահագործման կհանձնվեն մինչև ապրիլի 5-ը

Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի համար նախատեսված շարժական ավանները շահագործման կհանձնվեն ապրիլի 5-ից ոչ ուշ: Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

«Մինչև ապրիլի վերջը խաղաղապահների համար կգործարկվի շարժական հոսպիտալը»,- այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Դմիտրի Բուլգակովը:

Վերջինս Ստեփանակերտում մասնակցել է 250 խաղաղապահի համար նախատեսված հերթական բլոկմոդուլային ավանի բացման և բնակեցման արարողությանը:

«Այսօրվա դրությամբ մենք ավարտում ենք այդպիսի 25 ավանի վերազինումը։ Ապրիլի 5-ից ոչ ուշ ամեն ինչ շահագործման կհանձնվի, այսինքն՝ մեր բոլոր խաղաղապահների համար կստեղծվեն հարմար պայմաններ»,- ասել է բանակի գեներալը։

Բուլգակովը հստակեցրել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի որոշմամբ Արցախում նաև շարժական հոսպիտալ է կառուցվում, որտեղ անհրաժեշտության դեպքում խաղաղապահներին հատուկ նշանակության բժշկական ջոկատի ուժերով որակյալ օգնություն կցուցաբերվի: Ռազմական գերատեսչության փոխղեկավարը ճշտել է, որ շարժական հոսպիտալի հավաքումը կսկսվի ապրիլի 5-7-ը, ամսվա վերջին այն պետք է ավարտվի:

«Մինչև ապրիլի վերջը մենք պետք է ավարտենք բոլոր ուղղություններով մեր խաղաղապահ ուժերի լիարժեք տեղակայումը»,- հավելել է Բուլգակովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս