
Արցախի ԱԺ նախագահը և ԱԳ նախարարը քննարկել են երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունները

Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը մարտի 30-ին արտգործնախարարությունում հանդիպել է Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ։
Անդրադառնալով վերջերս ադրբեջանցիների կողմից քաղաքացիական ավտոմեքենաների քարկոծման դեպքերին՝ Արթուր Թովմասյանն ընդգծել է Արցախի բնակչության անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։
Կարևորվել է միջազգային ատյաններում այս և օրակարգային այլ հարցերի բարձրաձայնումը: Կողմերը քննարկել են երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունները: Այդ համատեքստում ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շարունակման, ինչպես նաև տարբեր երկրների, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների հետագա զարգացման ու խորացման անհրաժեշտությունը։
ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը համոզմունք է հայտնել, որ ստեղծված իրավիճակում արտաքին ճակատում հաջողությունների հասնելու համար պետք է օգտագործվեն բոլոր ներքին ռեսուրսները, այդ թվում՝ խորհրդարանական դիվանագիտությունը։