Որտե՞ղ է հայկական շահը. Տիգրան Աբրահամյան

Tert.am–ը ներկայացնում է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի հոդվածը, որում նա անդրադառնում է վերջին շրջանում Արցախի ճանապարհներին գրանցված միջադեպերին: Հեղինակը նշում է՝այդ միջադեպերից հետո պարզ է դառնում՝ Ադրբեջանի հետ որևէ պայմանավորվածություն չի կարող անվտանգ լինել: Հոդվածը կարդացեք ստորև։

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Արցախի ճանապարհներին երկրորդ ադրբեջանական սադրանքն է գրանցվել: Առաջինը՝ մարտի 25-ին, Կարմիր Շուկա-Սարուշեն ճանապարհին էր, երբ ադրբեջանական զինվորական մեքենաներից քարերով հարվածել էին այնտեղով անցնող հայկական համարանիշներով մեքենային:

Երկրորդն արդեն գրանցվեց երեկ՝ Շուշի-Լիսագոր ճանապարհահատվածին. քարեր էին նետել զոհվածների աճյունները Գորիս տեղափոխող մեքենայի ուղղությամբ, դիմացի ապակին լրջորեն վնասվել է:

Բարեբախտաբար մեքենայի վարորդը ճիշտ կողմնորոշվել է՝ չի կանգնել և որքան հնարավոր է արագ հեռացել է այդ հատվածից:

Կարմիր Շուկա-Սարուշեն և այնտեղից Ստեփանակերտ կամ Շուշի ճանապարհը գտնվում է հայկական վերահսկողության տակ, իսկ Շուշի-Լիսագոր-Բերձոր-Գորիս ճանապարհի վերահսկողությունն, ըստ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության, դրված է ռուս խաղաղապահների վրա:

Չնայած այս երկու միջադեպերի ճանապարհները տարբեր կարգավիճակներ ունեն, սակայն երկու դեպքում էլ անվտանգության հարցը դրված է եղել ռուս խաղաղապահների վրա:

Կարմիր Շուկայի միջադեպի ժամանակ, ադրբեջանական շարասյանը ուղեկցել են ռուս խաղապահները ու նրանք են եղել իրավիճակի և այդտեղով անցման անվտանգության պատասխանատուն, իսկ Շուշի-Լիսագոր հատվածը ցանկացած պարագայում նրանց իրավասության տարածքն է:

Նման միջադեպերը, հատկապես որ դրանք մեկ շաբաթվա ընթացքում կրկնվում են, ազդակներ են հղում ոչ միայն հայկական, այլ նաև ռուսական կողմին:

Արցախի առումով խնդիրը մշտապես բնակչությանը ահի մթնոլորտում պահելն է, ըստ այդմ՝ նպաստել նրանց արտագաղթին և որևէ ձևով ապագան չկապել Արցախի հետ:

Ռուսաստանի մասով, Ադրբեջանը (չի բացառվում, որ Թուրքիայի և այլ խաղացողների ակտիվ մասնակցությամբ) փորձում է հեղինակազրկել Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբին, ցույց տալ, որ նրանք իրենց ստանձնած պարտավորությունները պատշաճ կերպով չեն կատարում՝ առհասարակ կասկածի տակ դնելով ՌԴ հեղինակությունը ողջ գործընթացում, երկարաժամկետ կտրվածքով՝ ՌԴ-ի ներկայությունը տարածաշրջանում բացառելու նպատակով:

Համոզված լինելով, որ Ռուսաստանում լավագույնս գիտակցում են ադրբեջանական սադրանքների իրական դրդապատճառները, դեռ պարզ չէ, թե ի վերջո ի՞նչ հակազդեցություն կբերի այն:

Սա զուտ միջադեպ չէ, սրանում կա ընդգծված քաղաքական բաղադրիչ, որի սուր մասն ուղղված է ՌԴ-ի ուղղությամբ:

Հիմա գանք խնդրի այլ՝ առավել լայն կոնտեքստին: Պատկերացրեք իրավիճակ, որ տարածաշրջանային կոմունիկացիաները բացվել են, Ադրբեջանն ու Թուրքիան կառուցում են Քաշաթաղը Նախիջևանին կապող մայրուղի, երկաթգիծ, որի վերահսկողությունն իրականացնում է ռուսական կողմը, իսկ Հայաստանը նույն իրողությունների շրջանակներում հնարավորություն է ստացել Ադրբեջանի տարածքով բեռներ տեղափոխել Ռուսաստան:

Վերջին շաբաթվա 2 միջադեպերն արդեն իսկ պարզ օրինակ են առ այն, որ Ադրբեջանի հետ որևէ պայմանավորվածություն, հատկապես, որ խոսք է գնում նրանց երաշխավորվածությամբ և իրենց տարածքով իրականացվող գործընթացի մասին, չեն կարող անվտանգ լինել: Տարածաշրջանային ապաշրջափակման պայմաններում, միգուցե, որոշ ժամանակ օգտվեն իշխանության հովանավորչությունը ունեցող մեկ կամ մի քանի գործարարներ, սահմանափակ թվով անհատներ, սակայն այս ողջ գործընթացը հղի է անվտանգային հսկայական ռիսկերով:

Հայաստանը մտել է մի գործընթացի մեջ, որտեղ բացի հայից, հայկական պետություններից, շահում են գրեթե բոլորը: Ու այս ամենը՝ Հայաստանին ու Արցախին սպառնացող նոր ռիսկերով ու անորոշ հեռանկարով:

Մինչև հիմա չկա հաշվարկ, թե ինչ քաղաքական, տնտեսական, սոցիալական և որ ամենակարևորն է՝ անվտանգային հետևանքներ կունենա տարածաշրջանային ապաշրջափակումն այն պարագայում, երբ խոսք է գնում մեր նկատմամբ թշնամաբար տրամադրված Ադրբեջանի ու Թուրքիայի հետ խիստ կասկածելի գործընթացի մեջ մտնելու մասին:

Որտեղ է հայկական շահը և ինչո՞ւ է իշխանությունը ստեղծված ծանր իրողությունների պայմաններում, հետևողականորն գնում այս վտանգավոր պրոցեսով:

Տեսանյութեր

Լրահոս