Բաժիններ՝

Կպատմենք 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա պատերազմի մասին. Ջիվան Ավետիսյան

Արցախին մասին պատմող «Թևանիկ», «Դրախտի դարպաս» և «Վերջին բնակիչը» ֆիլմերի շարքում կավելանա ևս մեկը՝ «Վերածնվածը»:

«2018 թվականին «Վերածնվածը» ֆիլմի շուրջ էինք մտածում, փորձելու էինք անդրադառնալ 2016թ. ապրիլյան պատերազմին, սակայն կպատմենք 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա պատերազմի մասին»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը:

Նա նշեց, որ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ ֆիլմաշխարհում բավականին դժվարություններ են ստեղծվել, և ինչպես «Դրախտի դարպասը», այնպես էլ այլ ֆիլմեր ունեցել են դժվարություններ, ուստի այսօրվանից սկսում են «Վերածնվածը» կինոնախագծի crowdfunding-ի արշավը:

«Եթե ժամանակին Արցախի մասին ֆիլմերով փորձում էինք աշխարհին պատմել մեր մասին, հիմա առավել ևս պետք է կարողանանք տեղ հասցնել այն, ինչ կատարվեց մեզ հետ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից»,- ընդգծեց կինոռեժիսորը:

Սցենարիստ Նարինե Ոսկանյանի խոսքով՝ ֆիլմի թեման խաղաղությունն է, որին հասնելու համար կարիք ունենք գտնելու մեր ինքնությունը:

«2020 թվականի պատերազմն ամբողջովին փոխեց պլանները, և երբ պատերազմից հետո Ջիվանը վերադարձավ Արցախից՝ ասաց, որ պետք է 2016թ. պատերազմի փոխարեն՝ ներառենք 2020թ.: Մենք սկսեցինք անհրաժեշտ փոփոխություններ անել, որպեսզի կարողանանք հասնել այն արդյունքին, որը նախատեսում ենք:   Մենք զարգացնում ենք նաև արհեստական բանականության ուղղությունը, որը բացառիկ է հայկական կինոարտադրության մեջ»,- մանրամասնեց Նարինե Ոսկանյանը՝ հավելելով, որ արդեն գործում է kickstarter.com-ում էջը, և հնարավոր է նվիրատվություն կատարել:

Կինոգետ Զավեն Բոյաջյանը, ով ևս ներկա էր մամլո ասուլիսին՝ ասաց, որ թեմայի, կերպարների, բովանդակության առումով հետաքրքիր ֆիլմ է և բովանդակային նոր շերտ կարող  է բերել ժամանակակից հայ կինոյին:

Շարունակելով գործընկերների խոսքը՝ Ջիվան Ավետիսյանը հայտնեց, որ դերասանական կազմում, բացի ՀՀ-ում բնակվողներից, կան օտարազգի դերասաններ, ինչպես նաև հայեր, ովքեր ապրում են արտերկրում, հաջողել են իրենց մարզում, քաղաքում, ունեն, օրինակ, իրենց թատրոնը, բայց հանրաճանաչ չեն, սակայն ֆիլմում կխաղան գլխավոր դերերում:

Նա տեղեկացրեց, որ ֆիլմի համար անհրաժեշտ է մոտ 100.000 դոլար, որը նվիրատվության միջոցով կլինի, բացի սա, կօժանդակեն ԿԳՄՍՆ-ն և Ազգային կինոկենտրոնը:

Ֆիլմի արտադրությունը նախատեսվում է սկսել 2022 թվականից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս