Տանզանիայի նախագահ Մագուֆուլի հետ հրաժեշտի ժամանակ հրմշտոցից 45 մարդ է զոհվել
Տանզանիայի խոշորագույն քաղաք Դար Էս Սալամի մարզադաշտում մարտի 21-ին երկրի նախագահ Ջոն Մագուֆուլիին հրաժեշտ տալու արարարողությանը ծայր առած հրմշտոցի հետեւանքով զոհվածների քանակը հասել է 45-ի, եւս 37-ը վիրավորվել է: Այդ մասին հաղորդել է տանզանիական The Citizen թերթը՝ վկայակոչելով ոստիկանության զեկույցը: «Մարդիկ զոհվել են այն պատճառով, որ շատերը փորձել են մարզադաշտ ներթափանցել հաստատված երթուղու շրջանցմամբ, առաջացել է հրմշտոց»,- հայտարարել է Դար Էս Սալամի ոստիկանական հատուկ գոտու հրամանատար Լասարո Մաբոսասան:
Ավելի վաղ քաղաքի իշխանությունները հայտնել էին հինգ զոհվածների մասին: Ջոն Մագուֆուլին, որը նախագահի պաշտոնում վերընտրվել էր անցյալ հոկտեմբերին, մահացել է մարտի 17-ին Դար Էս Սալամի հիվանդանոցում: Մահվան պաշտոնական պատճառը սրտի հետ կապված խնդիրներն են, սակայն տանզանիացի ընդդիամդիր Թունդի Լիսուն, որն առաջինն է հայտնել պետության ղեկավարի հոսպիտալացման մասին, պնդում է, որ Մուգուֆուլիի մոտ կորնավիրուս է եղել: Ջոն Մագուֆուլիի հետ հրաժեշտի արարողություններ են տեղի ունեցել վեց օրվա ընթացքում ամբողջ Տանզանիայում: Դար Էս Սալամի մարզադաշտի իրադարձություններից հետո իշխանությունները ձեռնարկել են անվտագնության հատուկ միջոցներ, եւ մյուս քաղաքներում հաջողվել է խուսափել խառնաշփոթությունից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: