Ի՞նչ է կատարվում Կարմիր Շուկայի շուրջ, ինչո՞ւ դրա հետ կապված խոսակցությունները չեն դադարում
Արցախյան պատերազմից հետո, տևական ժամանակ է՝ լուրեր են շրջանառվում, որ Հայաստանի ու Արցախի ղեկավարների իմացությամբ ու համաձայնությամբ Կարմիր Շուկան հանձնվելու է Ադրբեջանին, որպեսզի թշնամին կարողանա անարգել մուտք գործի Շուշի։
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Շուշին այսօր է հանձնվելու թշնամուն։
«Ուզո՞ւմ եք պատմեմ ձեզ, թե որն է եղել անցած պատերազմի ամենամեծ սուտը։ Այն, որ թուրքերը գրավել են Շուշին։ Չի եղել նման բան։ Ընդ որում, նրանք Շուշին չեն կարողացել գրավել ոչ թե այն պատճառով, որ քաղաքը լավ էր պաշտպանված, այլ որովհետև անգամ բնական պատնեշները հաղթահարելու բավարար ուժ չունեին։ Նրանք ուղղակի եկել են Շուշի։ Շուշին անգամ չի հանձնվել թշնամուն։ Կարևոր բան եմ ասում, խնդրում եմ ուշադիր եղեք։ Շուշին այսօր է հանձնվում Ադրբեջանին։ Եվ դա Կարմիր Շուկայում է արվում։ Դեռ մի ամիս առաջ եմ զգուշացրել, որ աչքներս այդ գյուղի վրա պահենք։ Եկել և ուզում են զավթեն այն։ Արդեն գրեցի, թե ինչի համար։ Եվ այդ ամենը երկու դավաճանների՝ Նիկոլի ու Արայիկի, համաձայնությամբ։ Նրանց հետ Ալիևի կողմից ձեռք բերված գաղտնի պայմանավորվածություններով»,- գրել էր քաղաքագետը։
168.am-ի հետ զրույցում Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանն ասաց, որ նման խոսակցություններ իրեն հայտնի չեն։
«Հիմա ես հուղարկավորության եմ, և նման լուրեր ես չեմ լսել, ո՞վ պետք է Կարմիր Շուկան վերցնի, ես տեղյակ չեմ, չգիտեմ»,- եզրափակեց Էդիկ Ավանեսյանը։
168.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանն էլ նշեց, որ մոտավորապես երկու ամիս առաջ տեղեկատվություն ուներ, որ Կարմիր Շուկայում բանակցություններ են ընթանում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև։
«Իմ իմանալով՝ այդ հարցը փակվել է այն պայմանով, որ տարածքային որևէ փոփոխություն չպետք է լինի, պարզապես շաբաթվա ինչ-որ օրերին հայկական զինուժի վերահսկողությամբ Ադրբեջանը կարող է այդ ճանապարհից օգտվել։ Իհարկե, սա ժամանակավոր պետք է լիներ, մինչև Ադրբեջանը գրավված տարածքներով դեպի Շուշի գնացող ճանապարհ բացեր։ Այդքանով կարծես հարցը փակվել էր։ Այսքանը ես գիտեի, գուցե նոր բան կա, այսպես ասած՝ գաղտնի պայմանավորվածություններ կան, բայց ես տեղյակ չեմ։ Այդ պատճառով էլ այս պահին հստակ որևէ բան չեմ կարող ասել»,- նշեց Վահրամ Բալայանը։
Նա ընդգծեց, որ կփորձի հարցը բարձրաձայնել, որպեսզի հստակ տեղեկատվություն ստանա։