Հայոց ցեղասպանության ճանաչման ժամանակը հիմա է, Բայդենը կարող է ուղղել պատմական սխալը. Jerusalem Post
ՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչումը քայլ է՝ պատմական սխալն ուղղելու ճանապարհին: Այս մասին գրում է Jerusalem Post-ի հոդվածագիր Էմիլի Շրադերը:
Հեղինակն իր հոդվածում անդրադարձել է ԱՄՆ Սպիտակ տան՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված դրական ազդակներին՝ ընդգծելով, որ Իսրայելը մինչև օրս հրաժարվում է ճանաչել Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին քրիստոնյա հայերի դեմ իրականացրած ոճրագործությունը:
«Իսրայելի դեպքում՝ կառավարությունը հրաժարվել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի հետ անկայուն, սակայն ռազմավարական- քաղաքական հարաբերությունների պատճառով: Տասնամյակներ շարունակ Թուրքիան շանտաժի է ենթարկել ժողովուրդներին և սպառնացել է, անգամ եթե նրանք քննարկել են Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությունը»,- գրել է Շրադերը: Նա նկատել է, որ եթե նախկինում Իսրայելը կախվածություն ուներ Թուրքիայից՝ որպես միակ մուսուլման երկիր, որի հետ այն համագործակցում էր և ուներ դիվանագիտական հարաբերություններ, ապա արդեն տասնամյակներ է, ինչ Թուրքիան ակնհայտ թշնամական վերաբերմունք է ցուցաբերում այդ երկրի նկատմամբ՝ բռնապետ ու իսլամիստ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ:
«Այսօր Իսրայելն ավելի քիչ կախվածություն ունի Թուրքիայից, հատկապես արաբական պետությունների հետ զարգացող հարաբերությունների համատեքստում: Այդուհանդերձ, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և աներկբայորեն պատմության ճիշտ կողմում կանգնելու փոխարեն Իսրայելի կառավարությունն անգամ այսօր «վաճառեց» հայ ժողովրդին՝ Ադրբեջանին զենք վաճառելով, որպեսզի այդ երկիրը ռմբակոծի հայկական քաղաքները»,- նշել է հեղինակը:
Հոդվածագիրը գրել է, որ Հայոց ցեղասպանությունն ամենասարսափելի կերպով կազմակերպված ցեղասպանությունն էր, որն այն ժամանակ տեսել էր աշխարհը: Եվ դա արվել էր ոչ թե պատերազմի համատեքստում, այլ ուղղակի այն բանի համար, որ հայերը քրիստոնյա էին:
Նա բացարձակապես անտրամաբանական է համարել այն, որ շատ երկրներ մինչ օրս թույլ են տալիս Թուրքիային օգտագործել իր աշխարհաքաղաքական դիրքը՝ ստիպելով նրանց հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչումից:
«Տասնամյակներ շարունակ Թուրքիան ակտիվորեն գրաքննել է նրանց, ովքեր երկրի ներսում ճանաչել են ցեղասպանությունը և անգամ ոչնչացրել է ապացույցներ: Նախկինում այն անգամ բանտարկել է ակադեմիկոսների, ովքեր համարձակվել էին Հայոց ցեղասպանությունն անվանել ցեղասպանություն:
Մինչ Գերմանիայում, որին աշխարհը պատասխանատվության կանչեց, հակաօրինական է Հոլոքոստի հերքումը, Թուրքիան անօրինական է դարձրել Հայոց ցեղասպանությունը չժխտելը, և ողջ աշխարհը հանցակից է դարձել՝ թույլ տալով վարվել այդպես:
Եթե առաջին իսկ օրվանից աշխարհի անգամ փոքրաթիվ գերտերություններ ճանաչեին Հայոց ցեղասպանությունը, այսօր մենք կապրեինք լրիվ այլ իրականության մեջ, որտեղ ավելի փոքր երկրները չէին վախենա ճանաչել ակնհայտ պատմական փաստերը:
Բայդենի վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ կողմից բարոյապես անհրաժեշտ ուղերձ կլինի ոչ միայն Հայաստանի ժողովրդին, այլև ողջ աշխարհին: Ճանաչման ժամանակը հիմա է»,- եզրափակել է հոդվածը Շրադերը: