«Եթե մինչև հիմա չեն վերադարձրել, ոչ էլ կվերադարձնեն. այս ամենը շարունակական է լինելու». Շուռնուխի գյուղապետը՝ ադրբեջանցիների մոտ հայտնված 13 կովերի մասին
Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի բնակիչներից մեկի 13 կովերը մոտավորապես երկու շաբաթ առաջ անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հայկական տարածք ու անհետացել են։
168.am-ի հետ զրույցում Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանն ասաց, որ դիմել են հայկական սահմանապահ ուղեկալի պետին, ռուսների հետ կովերի հետքերով գնացել են մինչև մոտակա գյուղ, որն ադրբեջանցիների վերահսկողության տակ է, և անասունների ոտնահետքերով տեսել են, որ կովերը մինչև այնտեղ հասել են։
«Այդ օրը մինչև ուշ երեկո փնտրել են, մութն ընկել է, հետ են վերադարձել։ Հաջորդ օրն ադրբեջանցիների Բայրամն էր, այդ պատճառով էլ հայկական կողմին արգելեցին շարունակելու որոնողական աշխատանքները։ Երրորդ օրը ռուսին նրանք պատասխանել են, որ երբ գտնեն՝ կվերադարձնեն։ Այդուհանդերձ ես իրատեսական չեմ համարում, որ իրենք կովերը կվերադարձնեն, եթե մինչև հիմա չեն վերադարձրել, ոչ էլ կվերադարձնեն, սրանով ադրբեջանցիները սկիզբ դրեցին, և այս ամենը շարունակական է լինելու»,- շեշտեց Հակոբ Արշակյանը։
Ըստ Հակոբ Արշակյանի, բնակիչը, որի կովերն անհետացել են, բնակվում է գյուղից 1 կմ հեռավորության վրա և այնտեղ տնտեսություն է վարում։
«GPS-ով գծված սահմանից մի բնակչի տունը 300 մետր հեռավորության վրա է, այսինքն՝ 300 մետր անցնում ես, ու այլևս մեր սահմանը չէ, այնտեղ անտառներ կան։ Հիմա գյուղատնտեսական սեզոնի բացումից հետո ավելի շատ դեպքեր կգրանցվեն, ո՞վ ինչ պետք է ասի»,- եզրափակեց Հակոբ Արշակյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի հայտնի փաստաթղթից հետո, որտեղ որևէ կետ նշված չէր Հայաստանի սահմանների, տվյալ դեպքում՝ Սյունիքի մարզի վերաբերյալ, Նիկոլ Փաշինյանի և Պաշտպանության նախարարի հրահանգով մարզի բոլոր շահեկան դիրքերը հանձնվեցին Ադրբեջանին, որից հետո բազմաթիվ բնակիչներ կորցրեցին իրենց տները, քանի որ դրանք մնացին Ադրբեջանի հսկողության տակ։
Նշենք, որ մինչև օրս նույն պաշտոնյաները հստակ չեն բացատրել, թե ինչու է ադրբեջանցին այդպես հարմար տեղավորվել Սյունիքում։