Երկվորյակ գելխեղդն ու գորշ հովիվները
Նիկոլ Փաշինյանի նախընտրական պլատֆորմը պարզ է ու պարզունակ․ Թուրքիայի և Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերությունների հաստատում, որպես դրա հետևանք՝ տնտեսության զարգացում և բարեկեցության աճ, փողի ավելացում, մի խոսքով։ Նիկոլ Փաշինյանը հասարակությանն առաջարկում է կրկին իրեն ընտրել՝ կյանքի բարելավման համար։ Նրա առաջարկը նույնն է, ինչ ընտրություններին մասնակցող բոլորի առաջարկը՝ մարդկանց կյանքի բարելավում։ Այն «փոքր» նրբությամբ, որ նա դա առաջարկում է ընդամենը հինգ ամիս առաջ առնվազն 5000 հայորդիների սպանած, ավելի քան 10.000 հայորդիների վիրավոր ու հաշմանդամ դարձրած պետությունների հետ հարաբերությունների հաստատման ճանապարհով։
Այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինյանը հասարակությանն առաջարկում է գործարք՝ լավ կյանքի հեռանկարի դիմաց մոռանալ հազարավոր զոհերին ու վիրավորներին, համակերպվել Արցախի կորստի հետ և շարժվել առաջ։
Կա վտանգ, որ հասարակությունը կարող է համաձայնել այդ գործարքին, որովհետև առաջարկվողը լավ կյանքն է, այսինքն՝ փողը, որն այդքան կարևոր է միջին վիճակագրական և ոչ այդքան վիճակագրական հայի համար։ Գործարքն էլ որքան ճղճիմ է, նույնքան վտանգավոր, քանի որ դրա հիմքում ընկած է «փող՝ մոռացության դիմաց» սկզբունքը, և եթե դա հաջողի արցախյան պարտության պարագայում, ապա կարող է կիրառվել նաև, օրինակ, Հայոց ցեղասպանության առնչությամբ, ինչի սերմերը ցանվում են հենց այս օրերին։ Վճարողներն էլ կարող են սպասվածից ավելի առատաձեռն գտնվել։
Ահա այս սցենարի իրականացման համար Նիկոլ Փաշինյանը պատրաստ է նետվել մարտի, որում իրեն վերապահել է՝ գելխեղդի, սեփական քաղաքական հակառակորդներին էլ՝ գայլերի դերը։ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած կենդանական մոդելը շատ պարզունակ է, պարզապես նա բացահայտում է այդ մոդելի միայն մի մասը։ Իսկ ամբողջական մոդելն այն է, որ նա պատրաստ է Թուրքիայի և Ադրբեջանի հանդեպ ցուցաբերել նապաստակի հեզություն՝ պայմանով, որ ներքին հակառակորդներին վերաբերվելու է՝ որպես գելխեղդ։
Այսպիսով, առաջիկա ընտրություններում հաղթելու հավակնություն է ներկայացնում մեկը, ով անձամբ իրեն համեմատում է գելխեղդի հետ, որը ոչ թե սովորական, այլ կենդանակերպի նշանով երկվորյակ գելխեղդ է, ինչպես նրա քաղաքական երկվությունը մեկնել էր իր կուսակիցներից ամենաանմեկնելին։
Հայ ժողովրդի բախտը, սակայն, բերել է, որ Նիկոլ Փաշինյանը հորոսկոպով երկվորյակ է և ոչ թե, ասենք, կույս․ դաժան կլիներ կույս գելխեղդի մասնակցությամբ տեսարանը։
Նիկոլ Փաշինյանի ալեգորիկ մտածողությունը մատնում է իրեն ու իր քաղաքականության թշվառությունը։
Մարդը, ում գործունեության արդյունքում թուրքական հայտնի «Գորշ գայլեր» կազմակերպությունը դպրոց է բացում «դժգույն ու դժբախտ» Շուշիում, ցանկանում է պայքարել ներքին գայլերի դեմ, այսինքն՝ նրա համար գայլերն այդուհանդերձ ընդունելի են, պայմանով, որ նրանք պետք է լինեն թուրքական ծագմամբ։
Կամ գուցե գայլերի հետ համեմատությունը կապված է ժողովրդի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքին․ բոլորը գիտեն, թե ում են պաշտպանում հովիվների գելխեղդները գայլերից։
Ով՝ ով, բայց Նիկոլ Փաշինյանն ամենալավը գիտի ժողովրդի որակների մասին, առանց որոնց նա չէր կարող դառնալ «ժողովրդի վարչապետը»։ Մնում է պարզել հովիվներին։
Հարություն Ավետիսյան