«ԱՀԿ-ն որևէ պատճառահետևանքային կապ չի արձանագրել թրոմբոէմբոլիաների և պատվաստումների միջև». Գայանե Սահակյան
Երեկ ՀՀ է ներկրվել «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով ձեռք բերված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ AstraZeneca պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ: ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ «COVAX FACILITY» նախաձեռնությանը միացել է 192 երկիր, քանի որ այն պատվաստանյութի գլոբալ անբավարարության պայմաններում առավել մատչելի և հասանելի է դարձնում պատվաստանյութի ձեռքբերումը:
«Սա չի նշանակում, որ հենց այս էտապում մենք Covax նախաձեռնության շրջանակում միայն AstraZeneca պատվաստանյութն ենք ձեռք բերելու, այդ բանակցությունները, աշխատանքը շարունակվում են, առաջիկայում նոր պատվաստանյութեր ևս կառաջարկվեն ՀՀ-ին»,- ասաց Սահակյանը:
Հարցին, թե ՌԴ-ի հետ բանակցություններ տարվո՞ւմ են Sputnik V պատվաստանյութի ձեռքբերման համար, Սահակյանը պատասխանեց, որ բանակցությունները կանգ չեն առել:
«Ռուսաստանի հետ չենք դադարեցրել բանակցությունները, պարզապես նույն խնդիրը կա ՌԴ-ում, արտադրության հետ կապված խնդիր կա, ոչ թե չկամության, կամ մեր կողմից նախաձեռնողականություն չցուցաբերելու, առաջիկայում նորություն կունենանք նաև այդ ոլորտում»,- ասաց նա:
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալը նշեց, որ AstraZeneca պատվաստանյութն ավարտել է կլինիկական փորձարկումները և ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն:
«Երկու դեղաչափով է կիրառվում, 18 տարեկանից բարձր անձանց միջմկանային ճանապարհով: Ինտերվալներն այս պահի դրությամբ առաջարկվում է 8-12 շաբաթ: Արդեն հայտնի են նաև արդյունավետության վերջին հետազոտությունների արդյունքները: Ախտանշանային ձևերի կանխարգելման համար արդյունավետությունը գնահատվում է 76 %: Սա նշանակում է, որ ընդհանրապես պատվաստված անձանց մոտ ախտանշաններ չեն զարգանում 76 %-ով, բայց պատվաստանյութը բավականին արդյունավետ է ծանր դեպքերի կանխարգելման գործում, հոսպիտալացումների և մահերի կանխման գործում գրեթե 100 %-ով»,- ասաց Սահակյանը:
Եվրոպական մի շարք երկրներ սառեցրել կամ դադարեցրել էին AstraZeneca պատվաստանյութի կիրառումը, քանի որ փորձակումների արդյունքում եղել էին դեպքեր, երբ պատվաստվողների մոտ եղել են թրոմբոէմբոլիայի դեպքեր:
«Ըստ եվրոպական դեղերի գործակալության տվյալների՝ 20 մլն-ից ավելի պատվաստում է կատարվել, գրանցվել է 7 թրոմբոէմբոլիա, ընդհանուր անոթային և մոտ 18 գլխուղեղի սինուսային թրոմբոէմբոլիա: ԱՀԿ պատվաստանյութերի անվտանգության գլոբալ կոմիտեն նորից խրախուսում է երկրներին, որ պատվաստանյութը շարունակեն կիրառել, քանի որ կոմիտեի վերջին՝ մարտի 18-ի նիստի արձանագրություններով որևէ պատճառահետևանքային կապ չի արձանագրվել թրոմբոէմբոլիաների և պատվաստումների միջև»,- ասաց Սահակյանը և ավելացրեց, որ հենց Covid 19-ը վարակը կարող է առաջացնել նշված երևույթները:
Սահակյանի խոսքով՝ Հայաստանում ծանր համաճարակային իրավիճակ է, մեր հիվանդանոցային համակարգը բավականին ծանրաբեռնված է, մահճակալային ֆոնդը գրեթե սպառված է:
«Մոտ 90 %-ով հիվանդության աճ ունենք, վերարտադրման ցուցանիշը, վիրուսի տարածման ցուցանիշը 1.2 է, դա նշանակում է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում սպասում ենք ավելի քան 7000 նոր դեպքեր: Բարդ իրավիճակ է, քանի որ ամբողջովին մեր մահճակալային ֆոնդը կսպառվի, արդյունքում՝ հիշում եք՝ պատերազմի ժամանակ ունեինք հերթերի ցանկ, մարդիկ սպասում էին իրենց հոսպիտալացումներին, այսպիսի իրավիճակ կունենանք»,- ասաց Սահակյանը:
Նա նշեց, որ հակացուցումների ցանկը բավականին սահմանափակ է.
«Եթե մարդն ունի ալերգիա որևէ բաղադրիչի նկատմամբ, եթե նախորդ դեղաչափից գրանցվել է անաֆիլակտիկ շոկ, եթե տվյալ պահին ունի սուր վիճակ՝ բարձր ջերմություն և այլ հիվանդագին վիճակներ, խրոնիկ հիվանդության սրացում, միայն այս դեպքում պատվաստումը չի իրականացվում: Ըստ կլինիկական փորձարկումների տվյալների և ամբողջ աշխարհում իրականացված պատվաստումների արդյունքների՝ հետպատվաստումային փուլում գրանցվում են տեղային ռեակցիաներ, ներարկման տեղում ցավ, փոքր այտուց, կարմրություն, ընդհանուր թուլություն կարող է առաջանալ, ջերմության բարձրացում, փոքր-ինչ սուր շնչառական վիրուսային հիվանդության բնորոշ ախտանշաններ՝ մկանացավ, ընդհանուր թուլություն, կարող է գլխացավ առաջանալ, բայց այս բոլորը կարճատև են, առնվազն 48 ժամվա ընթացքում երևույթներն անցնում են: Լուրջ հետպատվաստումային անբարեհաջող դեպք, որը բնորոշ է պատվաստանյութին, չի գրանցվել»,- ասաց Սահակյանը:
ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Էգոր Զայցևը նշեց, որ խորհուրդ են տալիս նախ պատվաստել ռիսկի խմբում գտնվողներին:
«Մենք՝ որպես Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, հասկանալով, որ պատվաստանյութերը հիմա քիչ են, արտադրողները չեն հասցնում արտադրել, խորհուրդ ենք տալիս առաջին հերթին պատվաստել ռիսկի խմբում գտնվողներին: Առաջին խումբը դրանք բուժաշխատողներն են, ովքեր առաջնագծում են գտնվում ու վարակման վտանգի տակ են: Երկրորդ խումբը նրանք են, ովքեր ունեն խրոնիկ հիվանդություններ, ինչպես, օրինակ, դիաբետ, ճարպակալում, ոչ ինֆեկցիոն հիվանդություններ: Երրորդ խումբը տարեց մարդիկ են՝ 65 տարեկանից բարձր: Մենք խորհուրդ ենք տալիս առաջինը պատվաստել նրանց, քանի որ վտանգը մեծ է, որ նրանք կարող են մահանալ այդ հիվանդությունից: Այս պատվաստանյութն էֆեկտիվ է և անվտանգ է: Մենք դեռ կապ չենք տեսնում թրոմբոէմբոլիայի այն դեպքերի, որ տեղի են ունեցել, և պատվաստման միջև: Դեռ ուսումնասիրություններ տեղի են ունենում»,- ասաց Զայցևը:
Նա նշեց, որ պատվաստումից հետո կարող է առաջանալ անաֆիլակտիկ շոկ, սակայն դա հազվադեպ է պատահում և կառավարելի է: Նախ՝ բժիշկը մինչև պատվաստելը պետք է հարցնի, թե ինչի՞ց ալերգիա ունի պատվաստվողը, ապա ձեռքի տակ պետք է ունենա գործիքներ, որ լուծի խնդիրը:
«Պատվաստվելուց հետո առնվազն 15 րոպե պետք է մնա բուժհաստատությունում, եթե ինչ-որ բան առաջացավ, նշանների մասին մենք իրենց բոլորին իրազեկում ենք, նշանները դիտելու դեպքում առաջին բուժօգնությունը ցուցաբերվում է, մյուս անհետաձգելի հաջորդ էտապն է ապահովում»,- ասաց Գայանե Սահակյանը:
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ նշեց, որ պատվաստանյութը բաժանվելու է այն բոլոր բուժհաստատություններին, որտեղ կա պատվաստումային կաբինետ, սառնարանային շղթա, որտեղ կարող է պատվաստանյութը պահվել: Լրագրողի հարցին ի պատասխան՝ Սահակյանը տեեղեկացրեց, որ մեկ դեղաչափը մոտ 4.5 ԱՄՆ դոլար է:
«Շատերը մեղադրում են, թե էժան պատվաստայութ ենք գնում, չկա տենց բան, նույն AstraZeneca-ն միջազգային շուկայում մինչև 25 դոլարի է հասնում, բայց քանի որ մենք ձեռք ենք բերել «COVAX FACILITY» նախաձեռնության շրջանակներում, մեկ դեղաչափը 4.5 ԱՄՆ դոլար է: 25 դոլարի համեմատությամբ՝ բավականին մատչելի գին է, մեր սուղ տնտեսական միջոցների պայմաններում՝ սա մեզ համար ուղղակի ձեռքբերում է»,- ասաց նա:
Սահակյանը նշեց, որ ամեն ինչ անում են, որ մյուս շաբաթվանից սկսեն պատվաստումները: Պատվաստումը լինելու է կամավորության սկզբունքով: Քանի որ պատվաստանյութերի քանակը քիչ է, այն չի առաջարկվի արդեն վարակված և բուժված քաղաքացիներին: