Քանդելու և սարքելու միջև ընկած ժամանակահատվածում բուհերն ի՞նչ են անելու, ուսանողները որտե՞ղ են սովորելու. կրթության փորձագետ
Կա գաղափար՝ Երևանի բուհերի շենքերը հանել վաճառքի և ստացված գումարով Երևանից դուրս կառուցել ակադեմիական քաղաք։ Այս մասին մարտի 28-ին Արմավիրի մարզի Արագած համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«Մեր բուհերում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք կապված են թե՛ ենթակառուցվածքի, թե՛ բովանդակության հետ: Եվ մենք ունենք այսպիսի գաղափար, որ Երևան քաղաքից բոլոր կամ եթե ոչ բոլոր, առնվազն բուհերի մեծամասնության շենքերը, քանի որ գտնվում են կենտրոնում, հանենք վաճառքի, ձևավորված գումարներից Երևանից դուրս կառուցենք քաղաք, որը կլինի բուհական, ակադեմիական քաղաք, որտեղ կենտրոնացած կլինի մեր բուհական, դասախոսական պոտենցիալը, և երեխաները բարեփոխված դպրոցից հնարավորություն ունենան գնալ բարեփոխված բուհական համակարգ: Այսօր մեր բուհերում նույնիսկ ասում են՝ շենքային պայմաններն արդեն չեն համապատասխանում 21-րդ դարի չափանիշներին»,- նշել է Փաշինյանը։
Կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը կարծում է, որ մայրաքաղաքից դուրս ակադեմիական քաղաք ունենալու գաղափարը շատ լավն է, կարելի է դրան դրական վերաբերվել, սակայն երկու խնդրահարույց հարց կա. առաջինն այն ճանապարհն է, որով առաջարկվում է դա անել, և երկրորդ՝ այն մարդը, ով դա առաջարկում է:
«Առաջարկվում է Երևանի կենտրոնում գտնվող բուհերի մեծամասնության շենքերը վաճառել, և Երևանից դուրս կառուցել բուհական կենտրոնը՝ քաղաքը: Այս կառավարության ձեռագրին շատ համապատասխան է առաջարկությունը, որովհետև ստացվում է՝ նախ պետք է քանդել, իսկ հետո կսարքվի՞, թե՞ ոչ՝ դա հարց է: Եվ այդ քանդելու և սարքելու միջև ընկած ժամանակահատվածում բուհերն ի՞նչ են անելու, ուսանողները որտե՞ղ են սովորելու, և ընդհանրապես, ինչպե՞ս է կազմակերպվելու բարձրագույն կրթությունը, դա անհայտ է, և ասողին էլ չի հետաքրքրում: Առաջարկ անողը կարող է լավ գաղափարն արժեզրկել, եթե չի անցել այդպիսի ճանապարհով: Եթե լավ գաղափար ասում է այնպիսի մեկը, ով դրանից գլուխ չի հանում, այն իսկապես արժեզրկվում է, և վաղը, եթե այդ գաղափարը մեկ ուրիշն առաջարկի և փորձի իրականացնել, արդեն կարելի է ասել, որ արժեզրկված կլինի, որովհետև կասեն՝ նախորդ կառավարությունը դա ասում էր, բայց ոչ մի բան էլ չեղավ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ատոմ Մխիթարյանը:
Նա ընդգծեց՝ արդեն վատ է, երբ առաջինը շեշտադրում են շենքերի վաճառքը:
«Սա նախընտրական խոստում է, որովհետև բուհական մտավորականությունը յուրաքանչյուր երկրում միշտ ընդդիմադիր հայացքներ է ունենում, և նրա ձայները գրավելու համար արժե այդպիսի բաներ անել, սակայն ես հստակ միտում եմ տեսնում առաջարկությունը հիմա անելու: Ըստ էության սա կարելի է դիտարկել նախընտրական քարոզարշավի լույսի ներքո»,- նկատեց կրթության փորձագետը: