«Եթե որևէ երկրի կողմից մեր անվտանգությանը սպառնալիք է առաջանում՝ դա նաև մեր աշխատանքի թերացումն է». ՀՀ արտգործնախարար

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի խոսքով՝ Արցախում վերջին պատերազմի արդյունքները հայկական կողմին ստիպում են չափազանց պրագմատիկ մոտենալ արտաքին քաղաքական օրակարգին, և առաջին խնդիրը պետք է լինի Հայաստանի անվտանգային օրակարգը։

«Մենք այս համավարակի պայմաններում ունենք բնական սահմանափակումներ ճանապարհորդելու, սակայն այս ընթացքում ունեցել եմ մի շարք այցելություններ, և զուգահեռաբար շատ ակտիվ ներգրավվածություն ենք ունենում հեռավար ձևաչափերում, մեր տարբեր գործընկերների հետ։ Հայաստանը առավել, քան որևէ երկիր շատ լավ գիտի խաղաղության գինը, և մենք թշնամիներ չենք փնտրում»,- ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ասաց Արա Այվազյանը։

Նա ընդգծեց, որ ամեն ինչ անելու են, որպեսզի Հայաստանի շուրջ ձևավորվի անվտանգային կայուն համակարգ։

Նախարար Այվազյանը  հավելեց նաև, որ այսօր ՀՀ արտաքին քաղաքականությունը, առավել քան երբևէ, լինելու է պրագմատիկ ու ճկուն ՝ դաշնակիցներ ձևավորելիս պետք է ունենալ ընդհանուր ըմբռնումն այն իրավիճակի, որն այդ պահին թելադրվում է։

«Կարծես թե մեր գործընկերների հետ կա ընդհանուր ըմբռնումը, և ներկայիս մարտահրավերները առավել քան երբևէ առավել առարկայական են դարձնում մեր փոխգործակցությունը։ Եթե որևէ երկրի կողմից մեր անվտանգությանը սպառնալիք է առաջանում, դա նաև մեր աշխատանքի թերացումն է»,- ընդգծեց Արա Այվազյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հանձնաժողովի նիստում ներկայացնում էր Կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 242-Ա որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած՝ Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը։

Տեսանյութեր

Լրահոս