Վարչապետի աշխատակազմը չի ընդունել Ջանջուղազյանի ու Քերոբյանի առարկությունները. ի հեճուկս նրանց որոշում է ընդունել
2019 թվականի ապրիլի 18-ին Կառավարության որոշմամբ ստեղծվել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերություն՝ Հայաստանի տնտեսական զարգացմանն ուղղակի նպաստելու, տնտեսության զարգացման աջակցման և ներդրումների, այդ թվում՝ օտարերկրյա, ներգրավման համար։
Այս ընկերության հիմնադրի լիազորությունները ստեղծման օրվանից պատկանել են Էկոնոմիկայի նախարարությանը, որովհետև համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի՝ Էկոնոմիկայի նախարարությունը սահմանված է՝ որպես ներդրումների խթանման քաղաքականության պատասխանատու։
Բացի այդ՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի՝ Էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ լինելու արդյունքում ՀՀ ներկա բյուջետային համակարգի կարգավորումներով է ձևավորվել պետական բյուջեի ծախսային մասը, ձևավորվել է ծրագրային բյուջետավորումը, ինչը նշանակում է, որ կոնկրետ ոլորտում քաղաքականության իրագործման նպատակով բյուջետային միջոցներն օգտագործվում են ձևակերպված ծրագրի վերջնական արդյունքին հասնելու համար։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, սակայն, Կառավարությանն է ներկայացրել նախագիծ, որով տեղական և օտարերկրյա ներդումների, տնտեսության զարգացման հարցով այսուհետ զբաղվելու է ոչ թե իր ղեկավարած Էկոնոմիկայի նախարարությունը, այլ վարչապետի աշխատակազմը։
Ուշագրավ է, որ Վահան Քերոբյանը ներկայացրել է մի նախագիծ, որի վերաբերյալ Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է առարկություն՝ նշելով, թե քանի որ էկոնոմիկայի նախարարությունն է ներդրումային ոլորտում քաղաքականության մշակող մարմինը, ուստի կարծում են, որ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն պետք է գտնվի ՀՀ էկոնոմիկայի նախարարության ուղիղ ենթակայության տակ։
Այս դեպքում հարց է առաջանում՝ դեմ լինելով իր լիազորությունների կրճատմանը՝ ինչո՞ւ է այդ դեպքում Քերոբյանը նման նախագիծ տարել Կառավարություն, և արդյո՞ք այս հարցում եղել է պարտադրանք վարչապետի աշխատակազմի կողմից։
Տնտեսական զարգացման համար ստեղծված «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ն Էկոնոմիկայի նախարարության ենթակայությունից վերցնելուն և վարչապետի աշխատակազմի ենթակայությանը հանձնելուն, բացի Էկոնոմիկայի նախարարությունից, դեմ է եղել նաև Ֆինանսների նախարարությունը։
Ատոմ Ջանջուղազյանի ղեկավարած կառույցից ներկայացրել են առարկություն առ այն, որ սխալ է ներդրումների խթանման պատասխանատվությունն Էկոնոմիկայի նախարարությունից վերցնելն ու վարչապետի աշխատակազմին հանձնելը։
Նախարարությունից առարկել են, որ այսպիսի փոփոխության դեպքում, ի թիվս ոլորտում քաղաքականության իրագործման հետ կապված հնարավոր խնդիրների ծագման, անխուսափելիորեն խնդիր է առաջանում նաև բյուջետային միջոցների օգտագործման տեսակետից։
Սակայն վարչապետի աշխատակազմը չի ընդունել ո՛չ Քերոբյանի, ո՛չ էլ Ջանջուղազյանի ներկայացրած առարկությունները, ու «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի լիազորություններն անցել է վարչապետի աշխատակազմին։