
«Պատերազմի ընթացքում ունեցել ենք 15 զինվորականի և 1 կամավոր բժշկի, 60 բուժակի ու սանհրահանգչի կորուստ». Սահակ Օհանյան

Պատերազմի ժամանակ ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչությունը գերազանց է կատարել իր առջև դրված խնդիրները: Այսինքն, այս պատերազմից իրենք հաղթած են դուրս եկել:
Լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը` նշելով, որ հակառակորդը զորամասերին զուգահեռ թիրախավորել է նաև հոսպիտալները, բժշկական բրիգադները և սանիտարական տրանսպորտը, ինչի մասին կան տեսաապացույցներ:
«Ունենք կադրեր, երբ մեր առանձին բժշկական ջոկատներից մեկը ավիահարվածի է ենթարկվում: Պատերազմի ընթացքում ունեցել ենք 15 զինվորականի և 1 կամավոր բժշկի կորուստ, նաև` 60 բուժակի և սանհրահանգչի»,- մանրամասնեց գնդապետը:
Ըստ նրա` այս ամենը խոսում է նրա մասին, որ պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից խախտվել են պատերազմի վարման ընդունված նորմերը, գրված և չգրված կանոնները, Ժնևի կոնվենցիաները:
Այն դեպքում, երբ հայկական կողմն ապահովել է թշնամու գերիներին անհրաժեշտ բժշկական օգնությամբ:
«Պատերազմի ընթացքում մենք ունեցել ենք հակառակորդի վիրավոր գերեվարված զինծառայողներ, որոնք պատշաճ բժշկական օգնություն են ստացել մեր ռազմաբժշկական հաստատություններում»,- նշեց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետը` հավելելով, որ ՀՀ ՄԻՊ-ը ՄԱԿ-ին զեկույց է ուղարկել` ներկայացնելով բոլոր ապացույցներն ու փաստերը:
Ավելին, համապատասխան հարցումներ նաև հակառակ կողմին է ուղարկվել` հաստատելու նման տվյալները, որոնք հաստատվել են: