Ո՞ւմ չի կարելի Մեծ Պահք պահել
Մեծ Պահքի վերաբերյալ մարդկանց հուզող մի շարք հարցերի շուրջ զրուցեցինք Արարատյան Հայրապետական թեմի Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ:
-Ի՞նչ հոգևոր, ծիսական կանոններ կան, որոնց պարտադիր պետք է հետևել Մեծ Պահքի ընթացքում:
-Մեծ Պահքի ընթացքում առհասարակ կարևոր է հավատացյալի կանոնավոր մասնակցությունը Ս. Պատարագներին, առավոտյան և երեկոյան ժամերգություններին: Ինչպես նաև կարևոր է մասնակցությունը Խոստովանության կարգին: Խորհուրդ ենք տալիս Մեծ Պահքի ընթացքում Ավետարան, եկեղեցու հայրերի ապաշխարության աղոթքներն ընթերցել:
– Կարելի՞ է Մեծ Պահքի ընթացքում պսակադրվել, մկրտվել, մատաղ անել:
-Մեծ Պահքի ընթացքում սովորաբար պսակադրություն չի կատարվում, սակայն հաշվի առնելով մարդկանց անտեղյակությունը և այն, որ շատերն առանց իմանալու նախապատրաստվում են պսակադրությանն ու հնարավոր չէ տեղափոխել պսակի օրը՝ եկեղեցին ընդառաջում է և կատարում է պսակը՝ նախընտրելով օրհնել զույգերին և բացառել առանց օրհնության ընտանիք կազմելու հանգամանքը: Իրականում, սխալ է պահքի ժամանակ պսակվել, սակայն այս հարցում եկեղեցին առաջնորդվում է ոչ թե եկեղեցական կանոնների հրամայականով, այլ՝ հովվական խնամքի:
Մեծ Պահքի ընթացքում մատաղ չի կարելի անել, իսկ մկրտություն կարելի է: Մկրտության համար տարվա ընթացքում ոչ մի արգելված օր չկա:
-Կարելի՞ է արդյոք Մեծ Պահք պահել, եթե հենց սկզբից չես սկսել:
-Այո՛, կարելի է, եթե ինչ-ինչ պատճառներով չի ստացվել սկզբից պահել, ապա ցանկացած ժամանակահատվածից կարելի է պահքի մեջ մտնել:
– Հասարակության մեջ տարածված կարծիք կա, որ Ավագ շաբաթվա ընթացքում չի կարելի լողանալ, օճառով լվացվել: Արդյո՞ք նման մոտեցումը ճիշտ է:
-Սա դասական սնոտիապաշտություն է, ոչ մի նման արգելք չկա:
– Կարելի՞ է Պահքը խախտել, այնուհետև նորից շարունակել:
-Այո՛, կարելի է: Սխալ է, եթե ինչ-որ պատճառով պահքը խախտվում է ու մարդիկ մտածում են, որ այլևս չեն կարող պահք պահել:
-Մեծ Պահքի շրջանում ե՞րբ է կարելի Ս. Հաղորդություն ստանալ:
-Պահքի ժամանակ Ս. Հաղորդություն չի տրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ բաց Խորանով Պատարագ է մատուցվում:
-Ո՞ւմ չի կարելի պահել Մեծ Պահք:
-Երեխաներին, հղի կանանց, հիվանդներին, կերակրող մայրերին:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին