Հայկական ստանդարտ․ Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը և Սարգսյանը՝ մեկ ցուցակում

Ասում են՝ քաղաքականությունը հնարավորի արվեստ է։ Ընդունված է համարել նաև, որ քաղաքականության մեջ ոչինչ բացառված չէ։ Եթե դա այդպես է, ապա քաղաքականության համար կարող են չբացառելի լինել առաջին հայացքից անգամ աներևակայելի, ֆանտաստիկ, սենսացիոն ու սկանդալային համարվող լուծումները։

Հատկապես, եթե խոսքը պատերազմում պարտված ու հետպատերազմական մղձավանջում գտնվող պետության մասին է, որի վերակենդանացման համար սովորական, ստանդարտ լուծումները որևէ հեռանկար չեն խոստանում։

Հենց այդպիսին է Հայաստանի այսօրվա իրավիճակը, որի փոփոխականության միակ անփոփոխ բնորոշիչն անհուսությունն է, մռայլ անհուսությունը։ Հետևաբար, եթե Հայաստանն ունի այս անդնդային վիճակից դուրս գալու գոնե տեսական հնարավորություն, ապա դա կարող է իրականություն դառնալ միայն ոչ ստանդարտ, աննախադեպ ու անիրական թվացող լուծումների դեպքում։

Այդպիսի, առաջին հայացքից՝ ցնորամտության տպավորություն թողնող լուծում կարող է լինել Հայաստանի նախկին երեք նախագահների հնարավոր միավորումը նախընտրական մեկ ձևաչափում, միասնական ցուցակում։

Ցուցակ, որի առաջին եռյակում ընդգրկված կլինեն Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը՝ ըստ իրենց պաշտոնավարման հերթագայության։

Հաշվի առնելով նրանց միջև առկա խորը հակասությունները, անցյալում անգամ թշնամության հասած հակամարտությունները՝ նման հեռանկարը թվում է խելագարության աստիճանի անիրականանալի։ Բայց Հայաստանը հիմա հենց այնպիսի վիճակում է, որ դրանից կարող է դուրս գալ միայն նման աննախադեպ, սենսացիոն կամ սկանդալային լուծումներով։

Հայաստանի երեք նախագահների միջև եղել են ու կան աշխարհայացքային, գաղափարական, հայեցակարգային՝ հաճախ փոխբացառող տարբերություններ, նրանք ունեն պետության կառավարման ու զարգացման միանգամայն տարբեր մոտեցումներ՝ ինչպես ներքին քաղաքական, այնպես էլ՝ արտաքին քաղաքական հարցերում։ Բայց նրանց երեքին՝ բոլոր տարաձայնություններով հանդերձ, միավորում է մի առանցքային ընդհանրություն՝ պետությունը։

Երեքն էլ, թեկուզ հակասական մոտեցումներով ու մեթոդներով, այդուհանդերձ պետության ու պետականության գործիչներ են, ընդ որում՝ ներգրավվածության տարբեր աստիճաններով եղել են՝ ինչպես Հայաստանի անկախության, այնպես էլ՝ արցախյան հաղթական պատերազմի կերտման մասնակիցներ։ Եվ այսօր, երբ կորսված է Արցախի զգալի մասը, իսկ Հայաստանը կանգնած է ընդհուպ էքզիստենցիալ վտանգի առաջ, նրանք կարող են միավորվել՝ իրենց բոլոր տարաձայնություններով հանդերձ, միավորվել պետության առանցքի ու պետականության պահպանության նպատակի շուրջ, որի իրականացումից հետո կարող են շարունակել իրացնել իրենց հակասական գաղափարախոսություններն ու տարբեր մոտեցումներն ընթացիկ քաղաքականության տիրույթում։

Ընդ որում, երեքն էլ, ըստ էության, այսօր ունեն միասնական քաղաքական հակառակորդ՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, քանի որ վերջինիս բոլոր գործողություններն ուղղված են պետության ու պետականության, այսինքն՝ այն առանցքի դեմ, որը միավորում է Տեր-Պետրոսյանին, Քոչարյանին ու Սարգսյանին՝ իրենց բոլոր հակասականություններով հանդերձ։

Ավելին, Նիկոլ Փաշինյանն իր իշխանության երեք տարիները կառուցել է անցյալի ուրացման ու վարկաբեկման վրա՝ տարբեր համամասնություններով սևացնելով նորանկախ Հայաստանի պատմությունն ու ձեռքբերումները՝ սկսած Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանից, վերջացրած Քոչարյանի ու Սարգսյանի պաշտոնավարման տարիներով։

Միավորվելով՝ Հայաստանի երեք նախագահները կարող են իրենց տուրքը մատուցել պետության անցյալի ու հիշողության վերականգնման գործին նաև։

Ինչպիսին կլինի Հայաստանի երեք նախագահների գլխավորած ցուցակը, կարևոր, բայց իրականում տեխնիկական ու պայմանավորվածության ենթակա հարց է։ Այն կարող է բաղկացած լինել նրանց ղեկավարած կամ համակրած քաղաքական ուժերի ներկայացուցիչներից՝ հավասար համամասնությամբ։

Կրկին կարևոր, սակայն լուծելի է նաև այդ ցուցակի նախընտրական պլատֆորմի հարցը, որը, լայն իմաստով՝ հանգում է պետության ու պետականության պահպանմանը՝ հակադրվելով պետականաքանդման արդեն իսկ իրականացվող ծրագրին։

Նույնը վերաբերում է նաև երեք նախագահների գաղափարախոսական տարբերություններին, որոնք պետության առանցքի շուրջ պատեհ համադրման դեպքում կարող են դառնալ փոխլրացնող, իսկ դրա անհնարինության դեպքում՝ կգտնվեն այլ քաղաքական լուծումներ։

Այս հնարավորությունը, իհարկե, թվում է անիրականանալի՝ սկսած երեք նախագահների անձնական որակներից, սկզբունքներից, միմյանց նկատմամբ ունեցած վերաբերմունքից՝ մինչև նրանց թիմերի հակամարտ կենսագրություն։

Բայց դրանք բոլորը, որքան էլ կարևոր, այդուհանդերձ, հաղթահարելի խոչընդոտներ են։ Անհավանական այս սցենարը կարող է դառնալ Հայրենիքի փրկության իրական ծրագիր՝ ի տարբերություն Վազգեն Մանուկյանի գլխավորած և օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով արդեն իսկ տապալված նախաձեռնության։
Քաղաքական պարզունակ ստանդարտներից ու կաղապարներից դուրս այս միավորումն իրականություն դառնալու դեպքում սենսացիոն կլինի ոչ միայն՝ Հայաստանի, այլ նաև՝ համաշխարհային պատմության համար՝ դառնալով յուրահատուկ հայկական ստանդարտ, որի նախադեպը չի կարող գտնել անգամ պատմության եզակի գիտակ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Հարություն Ավետիսյան

ՀԳ Նյարդերից թույլ անձանց խորհուրդ չի տրվում պատկերացնել Նիկոլ Փաշինյանի դեմքի արտահայտությունը, եթե անհավանական թվացող այս տարբերակով Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը հայտնվեն մեկ ձևաչափում։

Տեսանյութեր

Լրահոս