Ատոմակայանի վարկի գումարը կրճատել և ուղղել են Կառավարության պահուստային ֆոնդ
Հայաստանի Կառավարությունը փոփոխություն է կատարել 2021 թվականի պետական բյուջեում՝ նվազեցնելով մի շարք գերատեսչությունների ծախսերը։
Եվ այսպես, Ֆինանսների նախարարության ներկայացրած նախագծով, որը հաստատել է Կառավարությունը, բյուջեի ծախսերը նվազեցվել են 7 միլիարդ 303 միլիոն դրամով, եկամուտները՝ 1 միլիարդ 668 մլն դրամով, իսկ դեֆիցիտը սահմանվել է 5 միլիարդ 635 մլն դրամ։
2021 թվականի բյուջով տարբեր գերատեսչությունների ծախսերի նվազեցումների արդյունքում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ է ուղղվել 5 միլիարդ 696 մլն դրամ գումար, որից՝ ներքին աղբյուրների հաշվին (Երևան քաղաքի փողոցների արտաքին լուսավորություն ծառայությունների և ճանապարհաշինարարական աշխատանքների գծով նախատեսված գումարներից)՝ 4 միլիարդ դրամ, իսկ վարկային և դրամաշնորհային ծրագրերի համաֆինանսավորման հաշվին՝ 1 միլիարդ 696 մլն դրամ։
Ուշագրավ է, որ նվազեցվել է նաև «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին տրամադրված բյուջետային վարկից՝ 6 միլիարդ 500 մլն դրամ։
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդին ուղղված 5 միլիարդ 696 մլն դրամից 1 միլիարդ 726 մլն դրամը հատկացվել է ՀՀ առողջապահության նախարարությանը։
Միաժամանակ, ՀՀ պետական բյուջեից 2021 թվականի ընթացքում մուրհակների անվանական արժեքների գծով նախատեսված է 98 միլիոն 972 հազար ՀՀ դրամ, որի գծով վճարումների ծավալը կազմել է 112 միլիոն 316 հազար դրամ: Նախագծում հարցի կարգավորման նպատակով մուրհակների անվանական արժեքը 13 միլիոն 34 հազար ՀՀ դրամով ավելացվել է ելքերի ֆինանսավորմանն ուղղվող ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդի միջոցների հաշվին: