ՍԴ որոշմանն ի պատասխան՝ ԱԱԾ-ում «ջրեցին» Աննա Վարդապետյանի թեման. Ամրամ Մակինյանը դիմել է ՌԴ դեսպանին

Երեկ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) մերժեց քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի իրավական հարցերով օգնական Աննա Վարդապետյանի՝ առերևույթ արդարադատությանը միջամտելու փաստով:

Մինչ այս մարտի 25-ին լրացել էր 10-օրյա այն ժամկետը, երբ ԱԱԾ-ն կա՛մ պետք է քրեական գործ հարուցեր Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի՝ արդարադատությանը միջամտության գործի շրջանակներում, կա՛մ մերժեր քրեական գործի հարուցումը:

Ի պատասխան մեր հարցման, երեկ առավոտյան ԱԱԾ-ից տեղեկացրել էին, որ մամուլի համար հրապարակելու տեղեկատվություն չունեն:

Երեկոյան, սակայն, Սահմանադրական դատարանի որոշումը հրապարակելուց անմիջապես հետո, երբ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, ԱԱԾ-ն տեղեկատվություն տարածեց քրեական գործի հարուցումը մերժելու մասին:

300.1-ն այն հոդվածն էր, որով ներկայումս մեղադրվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալում:

Արդեն մոտ 3 տարի պաշտպանական թիմն ասում էր, որ այդ հոդվածը հակասություններ ունի Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածների, այն է՝ համաչափության և որոշակիության հետ: Նույն խնդիրը նաև դատավոր Դավիթ Գրիգորյանն էր տեսել, կասեցրել գործի քննությունը և այն ուղարկել ՍԴ:

Դրա համար հետապնդումների շարք սկսվեց դատավորի նկատմամբ, իսկ գործն էլ փոխանցվեց Աննա Դանիբեկյանին:

Նկատենք, որ հենց այս գործի հետ կապված՝ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց շրջափակել դատարանները:

Մինչ բոլորը ՍԴ որոշման հրապարակումից հետո սպասում էին Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերին՝ հերթական «փռեմ ասֆալտին, ՍԴ-ն ծախված է, դատական համակարգը կուլ տանք» թեմայով, նա կա՛մ հիշեց, որ ինքն այնուամենայնիվ ասել է, որ ՍԴ-ի շուրջ ճգնաժամը լուծված է, կա՛մ էլ նրան հիշեցրին այդ մասին, և, թերևս, հակահարվածի լավագույն տարբերակը Նիկոլ Փաշինյանի համար մնաց Աննա Վարդապետյանի գործը «ջրելը»:

Ու քանի որ որևէ մեկն ԱԱԾ-ից ինքնուրույնության նշույլ անգամ չէր սպասում, իրենք էլ հլու իրենց ճակատագրին՝ սպասեցին այնքան, մինչև Կառավարական առանձնատներից չստացան Աննա Վարդապետյանի մասով քրեական գործի հարուցումը մերժելու մասին հրամանը, ինչն էլ հնազանդորեն կատարեցին:

Հիշեցնենք, որ մարտի 10-ին 168.am-ն իր էլեկտրոնային հասցեին սկանդալային տեսանյութեր էր ստացել, որոնցում հստակ երևում էր, որ Նիկոլ Փաշինյանի` իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը միջամտում է գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ ուղղումներ կատարելով գործերի նյութերի մեջ, և ըստ էության հրահանգավորում գործով քննիչին՝ Արթուր Այվազյանին:

Նույն քննիչ Արթուր Այվազյանը, ըստ մեր ներկայացրած տեսանյութերի, էլեկտրոնային նամակագրությամբ Աննա Վարդապետյանին է փոխանցում բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ: Տեսանյութերում նաև կան տարբեր մարդկանց անուններով word (և այլ) փաստաթղթեր, որոնք, ինչպես պարզեցինք, այդ գործով վկաների անուններն են ներառել: Այդ մարդկանց անուններով փաստաթղթերի առկայությունը նախաքննական մարմնի և Նիկոլ Փաշինյանի՝ իրավական գծով խորհրդականի նամակագրության մեջ ողջամիտ հիմք է տալիս ենթադրել, որ պետական պաշտոնատար անձինք համագործակցված կերպով, փաստորեն, «աշխատել են» նաև վկաների հետ:

Քննիչը նաև էլեկտրոնային նամակագրությամբ Ռուբեն Հայրապետյանի՝ բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկություններն էր փոխանցել Աննա Վարդապետյանին:

Ի դեպ, այս շղթայից որևէ մեկը չէր հերքել տեսանյութի իսկությունը:

Ավելին, քննիչը զեկուցագիր էր գրել այն մասին, որ կոտրել են իր էլփոստը, ու թե հիմա ինչ հիմնավորմամբ է մերժվել քրեական գործի հարուցումը, կիմանանք հետագայում, երբ Ռուբեն և Ռաֆիկ Հայրապետյանների պաշտպան Ամրամ Մակինյանը կստանա որոշումը:

Ի դեպ, 168.am-ի հետ զրույցում Ամրամ Մակինյանն ասաց, որ ինքն ԱԱԾ-ում զգուշացրել էր, որ չէր ցանկանա այս հարցը տեղափոխել և քննության առարկա դարձնել այլ պետության սահմաններում:

«Այդ մասին նշել եմ նաև գրավոր բացատրություն տալիս: Ցավում եմ, որ ԱԱԾ-ն բռնեց այն ճանապարհը, որ Աննա Վարդապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցով զբաղվի ՌԴ Դաշնային անվտանգության ծառայությունը: Ես արդեն իսկ գրավոր դիմել եմ ՌԴ դեսպանին՝ Ռուբեն Հայրապետյանի իրավունքների մասին տեղյակ պահելով և համապատասխան ընթացակարգերը շատ արագ անցնելուց հետո հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացնելու ՌԴ-ում այս գործն ամբողջ ծավալով բացահայտելու համար»,- ասաց Ամրամ Մակինյանը:

Տեսանյութեր

Լրահոս