Դատավոր Դավիթ Գրիգորյանը բարոյական վնասի փոխհատուցում կպահանջի՝ իր նկատմամբ իրականացված ապօրինի հետապնդման համար. «Փաստինֆո»
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, ում իրավունքները խախտվել են՝ նրա նկատմամբ իրականացված ապօրինի քրեական հետապնդմամբ, բարոյական վնասի փոխհատուցման պահանջ կներկայացնի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որը 2019թ մայիսի 18-ի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել անձնական երաշխավորությունը, իսկ մայիսի 20-ին որոշում էր կայացրել նաեւ քրեական գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու մասին։ Այս որոշումներին հաջորդեց գործադիր իշխանության կողմից աննախադեպ ճնշումը դատարանների նկատմամբ եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ շրջափակվեցին դատարանների մուտքերն ու ելքերը, դատավորի նկատմամբ սկսվեց ապօրինի քրեական հետապնդման իրականացումը։ Հատկանշական է, որ թե՛ Առաջին ատյանի դատարանի, թե՛ Վերաքննիչ քրեական դատարանի կողմից արձանագրվել է, որ դատավորի նկատմամբ իրականացվող հետապնդումն ապօրինի է։ Իսկ երեկ՝ մարտի 26-ին, ՍԴ-ն՝ նախագահությամբ Արման Դիլանյանի, բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումները՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչելով Սահմանադրությանը 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։
ՍԴ որոշման վերաբերյալ «Փաստինֆո»-ն զրուցել է դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ։
-Պարոն Գրիգորյան, երեկ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը՝ ըստ էության բավարարելով Ձեր դիմումը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։
– Ընդհանրապես դատական ակտերն չեն մեկնաբանվում, մանավանդ՝ դատավորների կողմից։ Երբ դատական ակտն ամբողջական տեքստով համացանցում կհայտնվի, բոլորին հասանելի կլինի և բոլորը կարող են ծանոթանալ։ Մեկնաբանման կարիք չկա։ ՍԴ-ն իր լիազորությունների սահմաններում քննել և լուծել է առաջին ատյանի դատարանի և երկրորդ նախագահի փաստաբանների կողմից ներկայացված դիմումը, այդ թվում՝ բավարարել է, ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչել է հակասահմանադրական։
– Ձեր կողմից գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու մասին որոշումից հետո Ձեր նկատմամբ ապօրինի հետապնդում է իրականացվել, իսկ որոշումը բեկանվել է Վերաքննիչ դատարանի կողմից։ Ստացվում է՝ իշխանամերձ իրավաբանները ևս գիտակցում էին հոդվածի հակասահմանադրականության հանգամանքը և ամեն կերպ փորձ էր արվում՝ կանխարգելել ՍԴ-ի կողմից նման որոշման կայացումը։
-ՍԴ դիմելու մասով բեկանված որոշումը Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշման հիման վրա ճանաչվել է ոչ հիմնավոր։ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ Վերաքննիչ քրեական դատարանն իրավասու չէր առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող քրեական գործով, տվյալ դեպքում՝ իմ կողմից ՍԴ դիմելու որոշումը բեկանելը։ Հետևությունները Ձեզ եմ թողնում, թե ինչ կարելի է մտածել։ Ես զերծ կմնամ որևէ քաղաքական հայտարարություն անելուց՝ հաշվի առնելով, որ այժմ էլ ես դատավորի պաշտոնում եմ, իմ լիազորությունները դադարեցված չեն, պարզապես կասեցված են։
-Պարոն Գրիգորյան, Ձեր նկատմամբ հարուցված քրեական գործն ինչ փուլում է գտնվում։ Արդյո՞ք գործի վարույթը կարճելու որոշման դեմ վճռաբեկ բողոք ներկայացվե՞լ է։
-Վերաքննիչ դատարանն ուժի մեջ թողեց առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված արդարացման դատական ակտը։ Այժմ վճռաբեկ բողոք է բերվել գլխավոր դատախազի կողմից, մենք էլ պատրաստվում ենք պատասխան ներկայացնել վճռաբեկ բողոքի հետ կապված։ Անհրաժեշտության դեպքում նաև հնարավոր է մեր կողմից էլ վճռաբեկ բողոք բերվի՝ կոնկրետ հիմքերից մեկի հետ կապված։
-Վճռաբեկ դատարանն արդեն վարույթ ընդունե՞լ է բողոքը։
-Դեռ ոչ, Վճռաբեկ դատարանը երեք ամսվա ընթացքում է որոշում՝ վարույթ ընդունել բողոքը, թե ոչ։
-Պարոն Գրիգորյան, իսկ պատրաստվում եք փոխհատուցման պահանջ ներկայացնե՞լ։
-Չեմ կարծում, որ լինի որևէ մեկը, ում նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի և դատարանի դատավճռով անմեղ ճանաչվի և չպահանջի փոխհատուցում։ Կարծում եմ՝ դրանք փոխկապակցված են և կարծում եմ, որ չի գտնվի որևէ անձ, որը չի պահանջի փոխհատուցում, այդ թվում՝ նաև ես։