«Հայաստանյան սորոսական մի խումբ կազմակերպություններ միջազգային հարթակներ իմ դեմ նամակներ են հղել»․ Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փաստորեն, հայաստանյան սորոսական մի խումբ կազմակերպություններ միջազգային հարթակներ իմ դեմ նամակներ են հղել։ Ու գիտե՞ք, թե ինչի համար. ստրասբուրգյան հունվարյան նստաշրջանում իմ ելույթի համար, որտեղ ես այդ կազմակերպություններին մեղադրել եմ իրենց գործունեությամբ երկրի իմունիտետը ջարդելու մեջ եւ կոչ եմ արել Ռուսաստանին թույլ չտալ, որ Նավալնին Ռուսաստանում կրկնի հայաստանյան սցենարը։

Ուրեմն, սորոսականները իրենց հղած լայնաշունչ նամակում ինձ մեղադրել են նաեւ, որ հակասորոսական իմ ելույթների պատճառով իրենք իրենց այլեւս անվտանգ չեն զգում եւ հանրության ագրեսիայի մշտական թիրախի տակ են։

Հայաստանյան սորոսներին նաեւ վիրավորել է այն, որ ես Սորոսի ռուս դրածո Նավալնուն անվանել եմ պետականակործան։

Հա, եւ ի՞նչ են պականջել մեր սորոսականները միջազգային կառույցներից. նրանք ուզում են, միջազգային կառույցները ինձ լռեցնեն, քանզի իմ ելույթները «նպաստում» են Սորոսի հանդեպ ատելության աճին, ինչը, ըստ իրենց, ավարտվում է իրենց գրասենյակների վրա գրոհով։

Ու քանի որ միջազգային կառույցներում հստակ ընդգծված հակառուսական տրամադրություն է թեւածում, իմ կերպարը ամբողջացնելու համար վերջիններս իրենց նամակում մի քանի անգամ շեշտել են, որ ես ռուսամետ եմ եւ Եվրոպայի սիրած ու գուրգուրած Նավալնուն համարում եմ չարիք։

Ի դեպ, հայկական սորոսականները չեն էլ թաքցրել, որ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահից ինձ հեռացնելը իրենց նախաձեռնությունն է եղել։

Եվ ուրեմն, որպես ամփոփում ասեմ՝ ես շարունակելու եմ ամեն ինչ անել, որ բոլոր այն կասկածելի ֆինանսավորմամբ կազմակերպությունները, որոնց խնդիրը մեր ինքնությունը, եկեղեցին, բանակը, պատմությունը, ընտանիքը ոչնչացնելն է, ովքեր փող եմ ստանում թուրքի հետ եղբայրություն քարոզելու համար, չկարողանան ավարտին հասցնել Հայաստանի պետականությունը ջնջելու իրենց առաքելությունը։

Էնպես որ՝ շարունակեք նամակներ գրել»։

Տեսանյութեր

Լրահոս