Պարզ խաբեբա՞, թե՞ անմեղսունակ

Թե քաղաքական, թե տնտեսական սնանկության գրեթե բոլոր փուլերն անցած մեր երկրում դեռևս Էկոնոմիկայի նախարար հնչեղ տիտղոսը կրող Վահան Քերոբյանը կամ պարզ խաբեբա է, կամ նրա մեղսունակության առումով լուրջ կասկածներ կարող են լինել։

Բացատրենք՝ ինչո՞ւ:

Մի քանի օր առաջ նա հայտարարում էր, որ մի քանի միլիարդի ներդրումներ «հա՛ էլ՝ կան», իսկ երեկ նա հայաստանցիներին տեղեկացրեց, որ տնտեսությունը կարելի է գրեթե վերականգնված համարել։

Համաձայնեք, որ լիովին մեղսունակ մարդը չի կարող նման բան պնդել, եթե նույնիսկ շատ է ուզում վարչապետին օգնած լինել։ Դե գոնե այն պատճառով, որ նման հայտարարությունները լավագույն դեպքում զայրույթ են հարուցում այսօր իրենց երեխային կերակրելու խնդիր ունեցող հազարավոր հայաստանցիների մոտ, բարկացնում են աշխատանք կորցրած ու Ռուսաստան մեկնելու հերթ կանգնած հարյուր-հազարավոր քաղաքացիների ու տարակուսանք են առաջացնում նույնիսկ միջին բարեկեցություն ունեցող մարդկանց մոտ, որովհետև նույնիսկ նրանք գիտեն, որ տնտեսությունն անմխիթար վիճակում է, եթե նույնիսկ տնտեսությունից հատկապես բան չեն հասկանում։

Ահագնացող գնաճը, ամեն օր փակվող փոքր խանութներն ու ծառայություններ մատուցող փոքր բիզնեսները, սոված հարևանը, անգործ ազգականը, վեջին կոպեկով Ռյազանի տոմս գնած ու երկրից փախչելու հերթ կանգնած հորեղբայրը, եղբայրը, ընկերը այսօր ամեն հայի շրջապատող իրականությունն են։

Վահան Քերոբյանը, որի շեֆի ապաշնորհ կառավարումը ընդամենը 3 տարում երկիրը հասցրել է պատերազմի, տարածքային ահռելի կորուստների, հազարավոր զոհերի, վիրավորների, տնտեսական կոլապսի, ներդրումների իսպառ բացակայության, անվրդով տեսքով ասում է ժողովրդին, որ տնտեսությունը վերակագնվել է։ Չի վերականգնվել Ֆրանսիայում, Անգլիայում, Գերմանիայում ու Ռուսաստանում, բայց, ա՜յ, Քերոբյանի տնտեսությունը վերակագնվել է։

Հիմա, դուք ասեք, եթե այս մարդը միտումնավոր ժողովրդին նյարդայնացնելու խնդիր չունի, իսկ ես ենթադրում եմ, որ չունի, արդյո՞ք նա մեղսունակ է։ Տնտեսությունից, ներդրումներից ու համաշխարհային ու նաև տարածաշրջանային զարգացման միտումներից հասկացող որևէ մարդու համար ակնհայտ է, որ Հայաստանը անհույս հետ է մնացել տնտեսական զարգացման հեռանկարներում, ներդրումներ ներգրավելու և կամ եղած տեմպերը վերադարձնելու հարցում։ Տնտեսությունից հասկացողները գիտեն, որ Նիկոլի օրոք չի կարող լինել տնտեսություն և չեն կարող լինել ներդրումներ, և որ ամենասարսափելին է, տնտեսոություն դեռ երկար չի լինի նաև նրանից հետո։ Տնտեսությունը ու ներդրումային միջավայրը աշխարհի ամենանուրբ օրգանիզմն է և այն «մորթը», որ Նիկոլի կառավարությունն արեց տնտեսության հետ՝ հիմարության, տգիտության, մանր քինախնդրության, պարզ ապուշության, թե հանցավոր դիտավորության արդյունքում՝ սպանելով արտաքին ներդրումները, վախեցնելով ու երկրից փախցնելով ներքին կապիտալը, դեռ մի քանի տարի չի կարողանալու հետ պտտել նույնիսկ ամենաէֆեկտիվ կառավարությունը։

Սա հասկանում է հասարակության տնտեսապես գրագետ շերտը։ Բայց նույնիսկ շարքային հայաստանցին Վահան Քերոբյանի ասածից եզրակացնում է, որ իրեն առնվազն պարզապես խաբում են։ Վահան Քերոբյանն այնքան ապաշնորհ է, որ նույնիսկ քաղաքական տարրական հոտառություն չունի։ Նրա թիմը պատրաստվում է ընտրությունների, ու այդ ընտրություններից առաջ այդ թիմի Էկոնոմիկայի նախարարը հայտարարում է, որ ահա սա այն մաքսիմումն է, ինչ կարելի է սպասել իրենց թիմից…Ներդրումները լիքն են, տնտեսությունն էլ վերակագնվել է։ Մենք սրան ենք ընդունակ, համեցեք, ահա ինչ լավ գործ ենք արել…

Դե ինչ, շնորհակալություն հայտնենք Վահան Քերոբյանին՝ իրենց թիմի տնտեսական տեսլականը անկեղծ ներկայացնելու համար։ Սա է, փաստորեն, Փաշինյանի կառավարության պատկերացրած «վերականգնված տնտեսությունը»։ Ընտրություններից առաջ նման անկեղծություն դժվար էր պատկերացնել նույնսիկ Փաշինյանի անմեղսունակ թիմից։

ՀՀ պարզ քաղաքացի

Տեսանյութեր

Լրահոս