«Հիշեք լուսանկարի գնդապետի դեմքը. նա այն մարդն է, ով պահանջել է գնել հակաօդային պաշտպանության միջոցներ, որ բայրաքթարները մեր երեխեքին հազարներով չկոտորեն». Նարեկ Մալյան

«Հրապարակ» օրաթերթն այսօր գրել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) զինված ուժերի գնդապետին 6 ամիս կալանքի տակ պահելով՝ ցանկացել է Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք կորզել, սակայն չի հաջողվել, ստիպված են եղել սուսուփուս բաց թողնել։

«Խոսքը ԶՈՒ ռադիոէլեկտրոնային պայքարի բաժնի պետ Վահան Ավետիսյանի մասին է, որին ԱԱԾ-ն կալանավորել էր՝ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք 42 մլն դոլարի ձեռք բերված ենթադրյալ անպետք զինատեսակի հետ կապված քրեական գործով: Մասնավորապես, գնդապետից ցանկացել են կորզել, թե Սերժ Սարգսյանը ՏՈՐ հակաօդային զենիթահրթիռային համակարգեր է ձեռք բերել և «ատկատ» ստացել դրա դիմաց»,- գրել էր թերթը։

Հիշեցնենք, որ 2020 թվականի մարտի 11-ին Սյունիքի մարզի Տաթև համայնքում սահմանադրական հանրաքվեի նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի հասցեին, ի թիվս այլ մեղադրանքների, ասել էր, որ Սարգսյանի իշխանությունը 42 մլն դոլարի զենք է ձեռք բերել, որը հնարավոր չէ կիրառել ռազմական գործողությունների ժամանակ:

Թերթը գրել էր նաև, որ Վահան Ավետիսյանն ապրիլի 3-ին կալանավայրից բաց նամակով դիմել էր ՀՀ վարչապետին և ասել, որ ԳՇ պետ Արտակ Դավթյանի և նրա տեղակալ Ստեփան Գալստյանի կողմից հետապնդումների է ենթարկվում: Ըստ Ավետիսյանի, վերջիններս խոչընդոտում են իր գործունեությունն ԱԺ ապրիլյան քննիչ հանձնաժողովում: Ավետիսյանը, զինված ուժերից զորացրվելուց հետո, որպես փորձագետ՝ աշխատանքի էր անցել քննիչ հանձնաժողովում:

«Նշենք, որ այս քրեական գործի ընթացքի վերաբերյալ ոչ մի բան հանրությանը դեռևս իրավապահները չեն հայտնել։ Վահան Ավետիսյանի պաշտպանը ևս հրաժարվեց պարզաբանումներ տալ՝ ասելով, որ գործը պետական գաղտնիքի անվան տակ է քննվում»,- եզրափակել էր «Հրապարակը»:

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր և ղեկավար Նարեկ Մալյանը, ով երեկ ավելի վաղ անդրադարձել էր այս քրեական գործին, այսօր նույնպես անդրադարձել է դրան՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով. «Հիշեք լուսանկարի գնդապետի դեմքը: Նա այն մարդն է, ով պահանջել է գնել հակաօդային պաշտպանության միջոցներ, որպեսզի երկինքը ապահով լինի և բայրաքթարները մեր երեխեքին հազարներով չկոտորեն:

Դուխով դավաճանները բանտարկել են այս մարդուն, որովհետև նա դեմ է եղել ՍՈւ ինքնաթիռների գնման գործարքին:

6 ամիս բանտում պահելուց հետո ազատ են արձակել այդպես էլ ոչինչ չգտնելով: Քրեական գործի ճակատագիրը այս պահին անհայտ է:

Պատկերացրեք, թե ինչքան զինվորներ այսօր ողջ կլինեին, եթե դուխով դավաճանները ՍՈւ-երի փոխարեն գերժամանակակից ՀՕՊ միջոցներ ձեռք բերեին»:

Տեսանյութեր

Լրահոս