Ճգնաժամային իրավիճակ ստեղծում է հենց Նիկոլ Փաշինյանը․ ընտրությունները ելք չեն․ Կոլերով

Չնայած Ղարաբաղյան երկրորդ մեծ պատերազմից հետո տարածաշրջանը և դրա շուրջ իրավիճակը՝ ռուս-թուրքական համագործակցություն, ՌԴ-Արևմուտք առճակատումն ամենաթեժ փուլում է, գրավելով փորձագիտական համայնքի ուշադրությունը, պակաս ուշագրավ չէ հայաստանյան ներքաղաքական կյանքը:

168.amի հետ զրույցում «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, ռուս վերլուծաբան, պատմաբան Մոդեստ Կոլերովն անդրադարձավ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու՝ իշխանությունների որոշմանը:

Հարցին, թե ընտրությունները կարո՞ղ են ՀՀ-ում և ՀՀ-ի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակից ելք հանդիսանալ, Մոդեստ Կոլերովը պատասխանեց՝ ոչ: Ըստ նրա՝ ընտրությունները չեն կարող ճգնաժամից ելք լինել շատ պարզ պատճառով, որովհետև ճգնաժամային իրավիճակ ստեղծում է հենց Նիկոլ Փաշինյանը:

Մոդեստ Կոլերովը կրկին պնդեց, որ Ռուսաստանը չի միջամտում ներքին գործերին, ինչպես վերջերս պնդեցին ՌԴ իշխանությունները: Իսկ իշխանություն, նրա խոսքով՝ ձևավորում է հասարակությունը և այն, թե ում է նա աջակցում:

Այս դեպքում, Կոլերովի կարծիքով, այնքան էլ կարևոր չէ, թե ում է համակրում Մոսկվան, կամ որոնք են ռուսամետ ուժեր, քանի որ առաջին պլան է գալիս քաղաքական ուժի վարկանիշը և հաղթելու նրա հնարավորությունները:

«Իսկ որքան հասկանում եմ սոցհարցումների տվյալներից՝ բարձր վարկանիշ որևէ ուժ չունի»,- ասաց նա:

Հարցին, թե կա՞ն արդյոք կանխատեսումներ, թե ինչպես կզարգանան Փաշինյանի վերընտրության և արևմտամետ ուժերի ամրապնդման դեպքում հայ-ռուսական հարաբերությունները, Կոլերովը պատասխանեց՝ ոչինչ:

«Այսինքն՝ ոչ մի նոր բան չի լինի»,- ասաց Կոլերովը՝ ակնարկելով, որ ներկայիս իշխանություններն արել են հնարավոր ամեն բան այդ հարաբերությունները վատթարացնելու համար:

Անդրադառնալով կարծիքներին, թե պարտված Փաշինյանի իշխանության երկարաձգումը ձեռնտու է գերտերություններին, նա ասաց, որ Ռուսաստանին հարկավոր է միայն, որպեսզի նոյեմբերի 9-ի հայտարարությունն իրականացվի:

«Մնացածը դետալներ են: Թե ինչու այլ տերություններին կարող է պետք լինել Փաշինյանը, չեմ կարող ասել»,- ասաց Կոլերովը:

Հարցին, թե Ռուսաստանն ի՞նչ սպառնալիքներ է տեսնում Սյունիքի համար՝ հաշվի առնելով հանգամանքը, որ Վաղարշակ Հարությունյան-Վալերի Գերասիմով վերջին հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Սյունիքի անվտանգության հարցը, Մոդեստ Կոլերովն ասաց, որ չկան ռազմական սպառնալիքներ, քանի որ այդ ուղղությամբ հայտնի է, որ նախաձեռնվում են քայլեր նաև Ռուսաստանի կողմից, և դա է քննարկվում երկկողմ մակարդակում:

«Կան քաղաքական սպառնալիքներ, երբ Բաքուն ամենաբարձր մակարդակով Զանգեզուրն ու Սյունիքը հայտարարում է կորսված ադրբեջանական տարածքներ: Դա բավարար է, որպեսզի քաղաքական սպառնալիքը համարենք իրական»,- ասաց Կոլերովը:

Հիշեցնենք, որ մարտի 23-ի երեկոյան կայացել էր ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկվել էին հայ-ռուսական ռազմական համագործակցությանն առնչվող, մասնավորապես՝ հայ-ռուսական համատեղ զորախմբերի միասնական գործողությունների, ինչպես նաև Սյունիքի անվտանգային խնդիրների լուծման հետ կապված մի շարք հարցեր։ Անդրադարձ էր կատարվել հայկական զինված ուժերի արդիականացման և լայնածավալ բարեփոխումների ծրագրերին։ Վաղարշակ Հարությունյանն ու Վալերի Գերասիմովը պայմանավորվածություն էին ձեռք բերել նշված հարցերի շուրջ առավել հանգամանալից քննարկումների նպատակով մոտ ժամանակներս ՌԴ բարձրաստիճան պատվիրակության Հայաստան այցի և բանակցությունների անցկացման վերաբերյալ։

Տեսանյութեր

Լրահոս