
Իսրայելում բողոքի ակցիա է անցկացվել Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու պահանջով

Թել Ավիվում Իսրայելի պաշտպանության նախարարության շենքի դիմաց իսրայելահայերը և հայերին աջակցող հրեաները բողոքի ակցիա են անցկացրել` պահանջելով Իսրայելից դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին: Բողոքի ակցիայի մասնակիցները նշում են, որ Ադրբեջանը արցախյան 44-օրյա պատերազմից հետո շարունակում է իր ահաբեկչական քաղաքականությունը` եկեղեցիներ է ավերում, գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունք է ցուցաբերում, պատմությունն է խեղաթյուրում, քողարկում է իր ռազմական հանցագործությունները:
«Այս բոլորը նոր չեն հայ ազգի համար, այս բոլորը ցեղասպան թուրքի հետևողական աշխատանքի արդյունք է, որն ունի մեկ նպատակ՝ վերացնել հայ ազգին և հայի հետքը տարածաշրջանում»,- նշել է իսրայելահայ Հովիկ Աբրահամյանը:
Հավաքվածները ծածանել են Հայաստանի, Իսրայելի դրոշները, ինչպես նաև պարզել են Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը դատապարտող պաստառները: