«Նիկոլ Փաշինյանի ֆիզիկական անվտանգության միակ երաշխիքը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ն է
Նրանք, ովքեր գտնում են, որ այս պահին ՀՀ-ում կա սահմանադրական կարգ, Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգը սպառողներն են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը:
«ՀՀ-ում այսօր չկա սահմանադրական կարգ, այն տապալվել է դեռևս ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի ժամանակ, երբ մարդն ամենավերջին հակասահմանադրական ճանապարհով արեց այն, ինչն արեց»,- նշեց նա՝ հիշեցնելով, որ Ինտերպոլը հստակ հայտարարել է՝ ՀՀ իշխանությունները զբաղված են քաղաքական հետապնդումներով, Շվեյցարիայի իշխանություններն էլ պատասխանել են, որ քաղաքական երանգներով գործով ուզում են իմանալ բաներ, որի իրավունքը չունեն:
Նշենք, որ Հայաստանի իշխանությունները դիմել էին Շվեյցարիային՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների գործերով կալանավորված նախկին պաշտոնյաների՝ Ռ. Քոչարյանի, Յու. Խաչատուրովի և Մ. Հարությունյանի բանկային հաշիվների մասին և դրանց վրա արգելանք դնել՝ պատճառաբանելով, թե հնարավոր է՝ նրանք Շվեյցարիայում հաշիվներ ունենան։
Նարեկ Սամսոնյանը հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց, որ Նիկոլ Փաշինյանը չի հասկանում, որ իր ֆիզիկական անվտանգության երաշխիքը ոչ թե հազարավոր ոստիկաններն են, դիպուկահարները, կամ Խաչատուր Սուքիասյանը, խորհրդարանում և դրանից դուրս գրպանային կուսակցությունները, այլ իր անվտանգության միակ երաշխիքը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ն է:
«Ինքն ինչքան շուտ դա հասկանա, այնքան իր կյանքի տևողությունն ավելի երկար է լինելու: Դա չեն անելու կազմակերպված, չեն անելու քաղաքական գործիչները, այլ անելու են այն մարդիկ, որոնց զավակներին ինքը տարել սպանել է»,- շեշտեց Սամսոնյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում