«Սա հստակ ուղերձ է՝ Փաշինյանը բարձրացնում է այն ինստիտուտների աշխատավարձը, որոնք ապահովելու են քարոզարշավային իր անվտանգությունը». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր  խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց, որ իր համար բացարձակ ցինիզմ է, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, թե միջազգային կազմակերպություններին հրավիրում է Ադրբեջանի պատմական Զանգեզուրում ներդրումներ անելու համար, իսկ դրան Հայաստանից արձագանքում է ընդամենը Արտգործնախարարության խոսնակը:

«Մենք չենք տեսնում երկրի առաջին դեմքի արձագանքն Ալիևի ցինիկ հայտարարությանը:  Մենք տեսնում ենք, որ Էրդողանն ու Ալիևն ուղղակի միջամտում են Հայաստանի ներքին գործերին, հայտարարում, որ իրենց աջակցությունն են ցուցաբերում գործող իշխանությանը: Հետևաբար՝ այս ամենը հաշվի առնելով՝ չի բացառվում, որ մի օր իշխանությունը հայտարարի, որ մոնիտորինգ են արել և հասկացել, որ արտահերթ ընտրությունների գնալու պահանջ չկա»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Անդրադառնալով կառավարության որոշմանը, որով ոստիկանության ծառայողների մի մասի աշխատավարձը 100 տոկոսով բարձրացրել են, Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ բազմաթիվ էին տեղեկատվությունները, որ այս ընթացքում ոստիկանները 24 ժամով ցրում էին ընդդիմադիրների հավաքները՝ ակտիվիստների հանդեպ ոչ իրավաչափ գործողություններ իրականացնելով, նրանք ստացել են լրավճարներ:

«Մենք ահազանգ ստացանք, որ շտապօգնության աշխատակիցների աշխատավարձերն ուշացրել են, ահազանգ ենք ստացել տարբեր հիմնարկներից, որ աշխատավարձերի հետ կապված կան խնդիրներ: Կարծում եմ՝ սա հստակ ուղերձ է,  Նիկոլ Փաշինյանը բարձրացնում է այն ինստիտուտների աշխատավարձը, որոնք ապահովելու են քարոզարշավային իր անվտանգությունը»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս