«Սա համարում եմ աննախադեպ խայտառակ օրինագիծ՝ խոսքի ազատության առումով Հայաստանը Հյուսիսային Կորեայի հետ կհայտնվի նույն հարթության վրա». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի  ներկայացրած ՀՀ քաղաքացիական օրենսգրքում  փոփոխությունների նախագիծը՝ զրպարտության և վիրավորանքի տուգանքի շեմը բարձրացնելու վերաբերյալ, որը երկու ընթերցմամբ ընդունեց   խորհրդարանը, աննախադեպ խայտառակ օրինագիծ է:

«Ես սա համարում եմ աննախադեպ խայտառակ օրինագիծ: Այս օրինագիծն ուղղված է խոսքի ազատության դեմ, Հայաստանում ազատ խոսքը լռեցնելու,  և բնավ ուղղված չէ վիրավորանքի ու զրպարտանքի դեմ: Իշխանությունները եթե ցանկանում են վերացնել վիրավորանքը, զրպարտանքը, հայհոյանքը, ապա դա Նիկոլ Փաշինյանից պահանջելու է երկու րոպե՝ փակելու է ֆեյք ինդուստրիան: Փակվում է ֆեյք ինկուբատորիան, և դուք կտեսնեք, որ Հայաստանում շնչելը կլինի շատ ավելի ազատ, և կվերանա վիրավորանքն ու զրպարտանքը: Ես արդեն ասել եմ, որ այս օրինագիծն ուղղակի պրեսինգ է լրատվամիջոցների, քաղաքական գործիչների, քաաքացիների վրա, որպեսզի նրանք կաշկանդված լինեն իրենց կարծիքն ազատ արտահայտել»,- խորհրդարանական ճեպազրույցների համար ԲՀԿ-ին հատկացված ժամին ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նա տեղեկացրեց, որ օրինագիծն ընդունելուց հետո, երեկ իր մտահոգություններն ու դիտարկումներն արդեն ուղարկել է Վենետիկի հանձնաժողովին, լրագրողական ու իրավապաշտպան կազմակերպություններին, քանի որ սահմանված տուգանքների չափն անհամաչափ ու անտրամաբանական է:

«Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ իշխանությունները պատրաստվում են ևս մեկ նախագիծ բերել, որով ցանկանում են քրեականացնել պաշտոնյային վիրավորելը, ապա մենք կարող ենք խոսել տոտալիտար համակարգի մասին, և խոսքի ազատության առումով Հայաստանը Հյուսիսային Կորեայի հետ կհայտնվի նույն հարթության վրա»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս