ԲՀԿ-ն ընտրություններին կմասնակցի իր ցուցակով, որը կգլխավորի Գագիկ Ծառուկյանը. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում հայտարարեց, որ առաջիկա արտահերթ ընտրություններին ԲՀԿ-ն մասնակցելու է իր առանձին ցուցակով, որը գլխավորելու է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Ինչ վերաբերում է ընտրակարգին, ապա այստեղ խաղն իշխանության դաշտում է, այդուհանդերձ, «Բարգավաճ Հայաստանը» մասնակցելու է ընտրություններին, մասնավորապես՝ շատ կարևոր է, որպեզի այդ ընտրությունները լինեն ազատ և արդար, կարևոր է, որպեսզի ընտրությունների ժամանակ որևէ վարչական ռեսուրս չկիրառվի, ինչի ահազանգերը մենք արդեն ստանում ենք, քրեակատարողական հիմնարկների հետ կապված արդեն պաշտոնապես դիմել եմ Գլխավոր դատախազություն, ներկայացնելով ինձ հասած տվյալները, մասնավորապես, «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկների հետ կապված»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Ըստ պատգամավորի՝ ԲՀԿ-ի համար այս պահին կարևոր է իրավիճակի հանգուցալուծումը, որի միակ լեգիտիմ ճանապարհն արտահերթ ընտրություններն են:
Նա հույս հայտնեց, որ բոլոր քաղաքական ուժերի միջև կձևավորվի կոնսենսուս, որպեսզի միասնաբար հսկեն՝ թույլ չտալով իշխանական գյուղապետերին, ժէկ-ի պետերին կամ կադաստրի շարքային աշխատողին կիրառելու թեկուզ փոքր վարչական ռեսուրս:
«Կրկնում եմ՝ մեզ համար կարևոր է արդար ընտրությունների կազմակերպումը և վարչական ռեսուրսի օգտագործման բացառումը, ինչի օրինակը մենք տեսանք մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ, Արագածոտնի մարզում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն առաջնագիծ էին բերվել դպրոցահասակ երեխաները: Ինձ համար իմքայլականների, ԿԳՄՍ նախարարի մեկնաբանությունները ծիծաղելի են»,- հավելեց Նաիրա Զոհրաբյանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավո՞ր է՝ հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ չկայանան, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, որ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի էմոցիոնալ տեսակը, նաև հաշվի առնելով, որ վաղը նա իր հերթական ֆեյսբուքյան ուղիղ եթերներից մեկի ժամանակ հայտարարի, որ հանրային պահանջ չկա ընտրություններ անցկացնելու համար՝ հետևաբար՝ միանշանակ չի, որ վաղն ինչ-ինչ պատճառներով նման բան չի կարող լինել:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում