Խաղաղապահներն Արցախում շարունակում են վտանգավոր առարկաների վնասազերծումը
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ինժեներական ստորաբաժանման անձնակազմը շարունակում է Արցախի Հանրապետության տարածքում հայտնաբերված պայթյունավտանգ առարկաների ոչնչացման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
Ամեն օր զինծառայողները «Բալիջա» հատուկ զորավարժարանում ոչնչացնում են շուրջ 120 պայթյունավտանգ առարկա, որոնց թվում՝ ականներ և տարբեր տրամաչափի հրետանային արկեր: Ոչնչացումն իրականացվում է պայթեցնելու եղանակով՝ պայթուցիկ աշխատանքների ժամանակ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցների ապահովմամբ։
Ամեն օր պայթյունավտանգ առարկաների վնասազերծման աշխատանքներին ներգրավվում է ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի շուրջ 10 զինծառայող: