ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել էր հանրային քննարկում նախադպրոցական կրթության պետական չափորոշչի վերաբերյալ
ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել էր հանրային քննարկում՝ «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի» նախագծի վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են հանրակրթության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և կրթության փորձագետներ:
Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկաներին տեղեկացրել է, որ անցյալ տարի Ազգային ժողովն ընդունել է «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքը, որով մի շարք նոր կարգավորումներ են նախատեսված: «Նախադպրոցական կրթությունը ՀՀ կառավարության ծրագրային առաջնահերթություններից է. 2023 թվականի համար ամրագրված է, որ անհրաժեշտ է առնվազն 70 տոկոս ընդգրկվածություն ապահովել այս տարիքային խմբի համար: Ներկայում քայլեր ենք ձեռնարկում այդ ընդգրկվածությունը մեծացնելու համար: Մասնավորապես, «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի ընդունումից հետո մշակվել և հաստատվել է նախադպրոցական կրթության ոլորտում ծախսարդյունավետ և այլընտրանքային մոդելների ներդրման կարգը: Առաջիկայում կհայտարարենք մրցույթ, որին կարող են մասնակցել և պետական աջակցություն ստանալ այն համայնքները, որոնք չունեն նախադպրոցական կրթության ծառայություններ»,- նշել է փոխնախարարը և հավելել, որ որոշ խմբերի համար նախատեսվում է նաև նախադպրոցական կրթության ծառայություններից օգտվելու պետական ֆինանսավորում, որն այս պահին քննարկման փուլում է:
«Հուսով ենք՝ այդ նախագիծը կներառվի հաջորդ տարվա բյուջետային հայտում: Դրանով նախատեսվում է կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, սոցիալապես անապահով և բազմազավակ ընտանիքների երեխաներին հնարավորություն ընձեռել օգտվել նախադպրոցական կրթության ծառայություններից: Ընդգրկվածության ծավալները մեծացնելուց զատ՝ շատ կարևոր է նաև, թե ինչ բովանդակության կրթություն և ինչ ծառայություններ ենք տրամադրում երեխաներին: Այս տեսանկյունից կարևոր է նախադպրոցական կրթության պետական չափորոշչի նախագիծը, որը մշակել է աշխատանքային մեծ խումբ»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով աշխատանքային խմբի անդամներին, որոնք, ըստ փոխնախարարի, նախադպրոցական և բարձրագույն կրթության ոլորտի գործող մասնագետներ են, ինչպես նաև տարբեր ուղղություններով մասնագիտացած փորձագետներ, մասնավորապես, հոգեբաններ, ներառական կրթության մասնագետներ:
«Նախադպրոցական կրթության չափորոշչի փոփոխությունը պայմանավորված է հանակրթության պետական չափորոշչի փոփոխությամբ, և դա բնական է, քանի որ նախադպրոցական կրթությունը դիտելով իբրև հանրակրթության սկզբնական աստիճան՝ մենք պետք է փորձենք դրանց միջև ապահովել հարթ անցում: Հետևաբար, չափորոշիչը մշակվել է հենց այդ տրամաբանության հիմքով՝ երկու տեսանկյունից: Առաջինը մեթոդաբանականն է, այն է՝ կարողունակությունների վրա հիմնված մոտեցման տրամաբանությունը, և երկրորդը՝ թե ինչպես ենք նախադպրոցական կրթության ավարտին ապահովելու այն վերջնարդյունքները, որոնցով սկսվում է տարրական դպրոցը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ երեխաների կրթության գործընթացում կարևորելով ամբողջական տրամաբանության և մոտեցման ապահովումը:
Ըստ փոխնախարարի՝ չափորոշչի հաստատումից հետո մեծ աշխատանք է նախատեսվում՝ առաջին հերթին նախադպրոցական կրթության ծրագրերի մշակման և ներդրման ուղղությամբ: «Հիշեցնեմ, որ «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարևոր փոփոխություններից մեկը ոլորտի մասնագետների՝ տարեկան առնվազն 1/5-ի շարունակական վերապատրաստումն է: Սա շատ կարևոր բաղադրիչ է, քանի որ մշակված բոլոր լավ ծրագրերը կմնան թղթի վրա, եթե չունենանք այն մարդկային ռեսուրսը, որի միջոցով դրանք կարող են կյանքի կոչվել: Չափորոշիչն իրականացվող փոփոխությունների ընդամենը մի բաղադրիչն է. ամբողջական փոփոխություններ տեղի կունենան, եթե բոլոր գործընթացներն իրականացնենք փոխկապակցված, համահունչ և ժամանակային ճիշտ հաջորդականությամբ»,- ասել է փոխնախարարը և հույս հայտնել, որ քննարկման ընթացքում հնչած դիտարկումները և առաջարկությունները կօգնեն էլ ավելի բարելավել նախագիծը և որպես արդյունք՝ ունենալ մասնակցային գործընթացով անցած փաստաթուղթ:
Փոխնախարարի ելույթից հետո ներկաները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները նախագծի վերաբերյալ: Ծավալվել է բուռն քննարկում, որի ընթացքում չափորոշիչը մշակած աշխատանքային խումբը հանգամանալից պատասխանել է ներկաների բոլոր հարցերին: