Դատավորների ընդհանուր ժողովը` տապալման եզրին. Ժողովը նախագահող Լիլիթ Թադևոսյանը չի կարող ներկա գտնվել
Այսօր տեղի ունենալիք դատավորների ընդհանուր ժողովը հնարավոր է` չկայանա։ Խնդիրն այն է, որ Ժողովը նախագահող Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը թոքաբորբով հիվանդ է, չի բացառվում, որ վարակված է կորոնավիրուսով, իսկ ողջ Վճռաբեկ դատարանի կազմն էլ, բնականաբար, կոնտակտավոր է։
168.am-ին ասացին, որ քանի որ Ժողովը պետք է անցներ Աջափնյակի դատարանի շենքում, իսկ այնտեղ դահլիճը բավականին փոքր է, հնարավոր է, շատ դատավորներ չգան` զգուշանալով Քովիդի տարածումից։ Սակայն ամեն դեպքում, անկախ նրանից` կկայանա՞ թե՞ ոչ Դատավորների ընդհանուր ժողովը, կլինի քվորում թե՞ ոչ, հակառակ կանխատեսումների, որ այն թեժ ընթացք է ունենալու, թերևս սրության թեմա առանձնապես չկա։ «Մեկ-երկու ընթացիկ քվեարկություններ են լինելու` ըստ օրակարգի, և վերջ։ Իսկ օրակարգից դուրս բաներ ժողովի ընթացքում դժվար լինեն, հատկապես` այսօր»,- ասացին մեզ։
Տեղեկացանք նաև, որ մոտ 20 օրից տեղի է ունենալու «Դատավորների միություն» հասարակայնության կազմակերպության նիստը, որի նախագահը Սահմանադրական դատարանի դատավոր Երվանդ Խունդկարյանն է։ Այն բաց է լինելու ցանկացածի համար, բացի դրանից էլ կարծես թե սպասվում է նախագահի փոփոխություն։ Կարող են նաև լինել անկանխատեսելի սպասված կամ չսպասված հյուրեր։