«Հունիսի 20-ի ընտրությունները կվկայեն՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն այն մարդն է, ում այդ որակումները տալիս էին, թե՞ ոչ». Ռուստամ Բաքոյան

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների, իշխող թիմի նախընտրական ցուցակը Նիկոլ Փաշինյանի կողմից գլխավորելու և ընտրություններում իշխանության շանսերի մասին 168.am-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հետ։

– Պարոն Բաքոյան, ԱԺ փոխնախագահի մակարդակով արդեն հայտարարվել է, որ արտահերթ ընտրություններում իշխող թիմի նախընտրական ցուցակը գլխավորելու է Նիկոլ Փաշինյանը, նա է դառնալու վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, այլ անձանց թեկնածություն քննարկվե՞լ է թիմի ներսում։

– Մեր քաղաքական առաջնորդը Նիկոլ Փաշինյանն է, և՛ խմբակցությունը, և՛ առհասարակ մեր թիմը վստահ է, որ նա պետք է մեր ցուցակը գլխավորի, այսինքն՝ մեր թիմի ցուցակը պետք է գլխավորի Նիկոլ Փաշինյանը։ Այստեղ որևէ խնդիր դրված չէ՝ արդյոք կա՞ այլ թեկնածու, թե՞ ոչ։

– Իսկ այն, որ Նիկոլ Փաշինյանի անվան հետ բազմաթիվ գործընթացներ կապվեցին՝ այն, որ պատերազմում նա է պարտվել, որպես քաղաքական գործիչ՝ իրեն սպառել է, այդ ամենը Ձեր թիմին կխանգարի՞։

– Գիտեք, որակումները տարբեր ուժերի կողմից միայն մեկ նպատակ էին հետապնդում, և այդ նպատակը բոլորիս հայտնի է։ Ոչ միայն մենք, այլ ընտրությունները ցույց կտան՝ արդյո՞ք հավատում են Նիկոլ Փաշինյանին, թե՞ ոչ։ Հունիսի 20-ի արտահերթ ընտրությունները դրա մասին կվկայեն՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն այն մարդն է, ում այդ որակումները տալիս էին, թե՞ ոչ։

– Այս ընտրություններում ինչպե՞ս եք գնահատում իշխանության շանսերը՝ հաջորդ ընտրություններում կրկին մեծամասնություն կկազմե՞ք, թե՞ ոչ։

– Ես չեմ ուզում գնահատականներ տալ, որովհետև 2018 թվականից հետո ընտրությունը միայն ժողովուրդն է կատարում, և մենք կարող ենք, իհարկե, ենթադրել կամ մոտավորապես պատկերացնել, թե ինչպիսին կարող է լինել ընտրությունը թվերի մասով։ Սակայն վերջնարդյունքը ժողովուրդն է տալիս, և այլևս Հաայստանում ժողովուրդն է որոշելու, թե ով է լինելու իշխանության։

– Բացառո՞ւմ եք, որ Ձեր թիմը կօգտագործի վարչական ռեսուրսը։

– Մենք վարչական ռեսուրսն օգտագործելու ձևը չգիտենք և մենք չենք ուզում դրա ձևն իմանանք։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս