ՇՄ նախարարությունը մերժել է «Լիդիան Արմենիա»-ին Արփա գետից ավելի մեծ ծավալով ջրառ իրականացնել
Շրջակա միջավայրի նախարարությունը մերժել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը Ամուլսարի ոսկու հանքը շահագործելու նպատակով Արփա գետի ներքևի հոսանքներից ավելի մեծ ծավալով ջրօգտագործման թույլտվություն տրամադրել։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՇՄ նախարարության Լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության պետի պաշտոնակատար Արտյոմ Մխիթարյանը։
Նա նշեց, որ 2020 թվականին ընկերությունը ստացել էր Արփա գետի ներքևի հոսանքներից 11 լ/վրկ ծավալով ջրօգտագործման թույլտվություն, սակայն այժմ դիմել էին 41,3 լ/վրկ ջրաքանակով ջրառ իրականացնելու համար։
«Ընկերությունը դիմել է Արփա գետի ներքևի հոսանքներից 30 լ/վրկ-ով ավելի շատ ջրառ իրականացնելու թույլտվություն ստանալու համար։ Մերժման հիմք է հանդիսացել «Արարատյան ջրավազանային տարածքի 2016-2021 թթ․ կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» կառավարության որոշումը։ Այնտեղ արդյունաբերության նպատակով ջրառի ծավալը շատ չնչին է փոփոխվում, և նախատեսված չէ թույլ տալ այդ քանակությամբ»,- ասաց Մխիթարյանը։
Նախկինում «Լիդիան Արմենիա»-ն հայտ է ներկայացրել Արփա գետի Դարբ գետակից և Արփա գետի վերևի հոսանքներից ավելի մեծ ծավալով ջրառի համար, սակայն երկու դեպքում էլ մերժում է ստացել։
Ընկերությունն այժմ ՀՀ վարչական դատարանում վիճարկում է Դարբ գետակից ջրառ իրականացնելու նախարարության մերժումը։