««Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավորների հարցերին չպատասխանելու՝ Կառավարության որդեգրած քմահաճ վերաբերմունքը պետք է փոխվի, եթե չփոխվի՝ կստանա այդպիսի պատասխան». Թագուհի Թովմասյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Սոֆյա Հովսեփյանը, Գոռ Գևորգյանը երեկ խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեցին կառավարության անդամներին, սակայն հարցին պատասխանելու փոխարեն՝ կառավարության անդամները պատգամավորներին հորդորեցին հարցն ուղղել գրավոր։
Այսօր պատգամավորները նախ նիստերի դահլիճում իրենց դժգոհությունը հայտնեցին, մասնավորապես, ԱԺ նախագահին, ապա լրագրողների հետ ճեպազրույցում իրենց հիմնավորումները ներկայացրեցին: Թագուհի Թովմասյանն ասաց, որ կառավարության անդամներն իրենց հարցերին չեն պատասխանել՝ ոչ հարցերի բովանդակությամբ պայմանավորված, քանի որ հարցերը տարբեր էին։
«Ընդհանրապես, Սոֆյա Հովսեփյանի հարցին ի պատասխան, իրենք կարող էին անձնական փիառով զբաղվել։ Սակայն վերջին հարցի ու նրանց չպատասխանելու վարքագծից ակնհայտ էր ու հասկանալի, որ կառավարությունը որդեգրել է ԱԺ անկախ կամ իշխանական խմբակցությունում չընդգրկված պատգամավորների հարցերին չպատասխանել, հատկապես այն պատգամավորների, որոնք դուրս են եկել «Իմ քայլը» խմբակցությունից։ Կարծում եմ՝ այս քմահաճ վերաբերմունքը պետք է ուղղակի փոխվի, եթե չփոխվի՝ Կառավարությունը կստանա այդպիսի պատասխան, որովհետև խորհրդարանական երկրում կառավարությունը չի կարող ինքը որոշել, թե ինչպես է աշխատում»,- նշեց Թագուհի Թովմասյանը։
Ըստ պատգամավորի, երբ կառավարությունն իրենց առաջարկում է հարցերն ուղարկել գրավոր, իրենք գրավոր ընթացակարգով ուղարկում են, անձամբ ինքն օրը մի քանի հարցում է ուղարկում կառավարություն, ուստի հարց ուղարկելու ձևն էլ գիտի, հասցեատիրոջ տեղն էլ գիտի, հետևաբար՝ կառավարության հետ հարցուպատասխանը ենթադրում է բանավոր պատասխանելու ձևաչափ։
Նա ընդգծեց, որ կդիմեն ամենատարբեր քայլերի, որպեսզի նման երևույթն իսպառ վերանա։
«Ես հիշեցնեմ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի խոսքն ԱԺ-ում, երբ այն ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանը չէր եկել հարցուպատասխանին, Նիկոլ Փաշինյանը հայատարեց, որ աշխարհի որ ծայրում էլ լինեն, պարտավոր են չորեքշաբթի օրը գալ ու պատասխանել պատգամավորների հարցերին։ Հիմա պարոն Փաշինյանն իր կառավարության անդամներին պետք է հրահանգի, որ պարտավոր են պատասխանելու պատգամավորների հարցերին, դա նրանց պարտականությունն է, մենք նրանց աշխատավարձ չենք տալիս, որ որոշեն՝ մեր հարցերին պատասխանո՞ւմ են, թե՞ ոչ»,- հավելեց պատգամավորը։