Դատավորը վերադարձրել է Օնիկ Գասպարյանի հայցադիմումը
ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Լիանա Հակոբյանի նախագահությամբ, վերադարձրել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի։ Այս մասին գրում է aysor.am–ը։
Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում՝ այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում:
Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խնդրելով առ ոչինչ ճանաչել իրավունքի ուժով ընդունված Հանրապետության նախագահի՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագիրը, ինչը հաստատվել է 2021 թ. մարտի 10-ի՝ վարչապետի՝ Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին հայտարարությամբ:
ՀՀ կառավարությունը մարտի 22-ին հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին, մինչդեռ, օրեր առաջ ՀՀ վարչական դատարանը, դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, որով պահանջվել էր կասեցնել Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունը մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։
Նշենք, որ վարչական դատարանի որոշումից հետո վարչապետի աշխատակազմը հայտարարություն էր տարածել՝ պնդելով, որ Օնիկ Գասպարյանն ազատված է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: