«Ծառուկյանին հնազանդեցնել հնարավոր չէ. ֆորսմաժորային իրավիճակի դեպքում 17-ի ձևաչափն ամբողջ ուժով նորից կվերագործարկվի». Միքայել Մելքումյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով՝ արտահերթ ընտրությունների գնալու վերաբերյալ, եթե քաղաքական պայմանավորվածությունները չպահպանվեն, լուրջ բացասական ռեզոնանս կառաջացնի, և ժողովուրդ դուրս կգա պահանջելու, որ պայմանավորվածությունները կատարվեն։
Ինչ վերաբերում է Փաշինյան-Ծառուկյան հանդիպմանը, Մ. Մելքումյանն ասաց, որ այն երկար չի տևել, որպեսզի ընթացքում նաև երաշխիքների մասին խոսեին։
Հարցին՝ չի՞ կարծում, որ Փաշինյանն այդ քայլին գնաց, որպեսզի ջլատի «Հայրենիքի փրկության շարժումը» և հնազանդեցնի Ծառուկյանին, Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Ի՞նչ հնազանդեցնելու մասին է խոսքը, Ծառուկյանին հնազանդեցնել հնարավոր չէ։ Ես առավելապես ենթադրում եմ, որ այդ ընտրությունները լինելու են»։
Նա նաև տեղեկացրեց, որ ընտրական ցուցակների հարց չեն քննարկել, եթե քննարկվեր, ապա ինքն այդ մասին գոնե կիմանար։
«Ես չգիտեմ՝ նախընտրական ցուցակում կլինե՞մ, թե՞ ոչ»,- նշեց նա։
Պատգամավորը նաև շեշտեց, որ շարունակում են մնալ «Հայրենիքի փրկության շարժման» մեջ, «Իհարկե, ես մասնակցելու եմ մարտի 28-ի հանրահավաքին, սակայն այս հարցը մենք դեռևս չենք քննարկել, կարծում եմ՝ եթե 17 ուժերի մեջ ենք, եթե միջոցառում են անում, ուրեմն պետք է մասնակցենք։ Հայատարարվել է, որ լինելու են ընտրություններ, բայց զուգահեռ ասվել է, որ ակցիաները չեն դադարեցվելու, այսինքն՝ մենք զուգահեռ գնում ենք 17-ի ձևաչափը պահպանելու ցանկացած դեպքում։ Որևէ ֆորսմաժորային իրավիճակի դեպքում 17-ի ձևաչափն ամբողջ ուժով նորից կվերագործարկվի»,- եզրափակեց նա։