«Պետք է լիներ անցումային ժամանակաշրջան, որպեսզի ժողովուրդը կարողանար դուրս գալ բարոյահոգեբանական ծանրագույն իրավիճակից». Գոռ Գևորգյան
ԱԺ պատգամավոր Գոռ Գևորգյանի խոսքով՝ այս պահին ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու հարցի վերաբերյալ որևէ կոնկրետ դիրքորոշում չունի։ Ավելին՝ հարցի վերաբերյալ որևէ քննարկման չի մասնակցել։
Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններում իշխանության կողմից վարչական ռեսուրս օգտագործելուն և իշխանության շանսերին՝ Գոռ Գևորգյանը նշեց, որ չի ցանկանում ընկնել գուշակությունների գիրկը:
«Արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցն օրակարգային է՝ մեր այսօրվա իրողությունների պարագայում, դրա մասին բազմիցս խոսել եմ։ Սակայն այստեղ շատ կարևոր է, որպեսզի իշխանությունները և իշխանությունների հետ այս հարցի շուրջ փոխըմբռնման եկած ընդդիմադիրները կարողանան ընտրել ճիշտ ժամանակը։ Կարծում եմ՝ ընտրություններ կազմակերպելու համար այս սեղմ ժամանակաշրջանը ոչ ամբողջությամբ կհամապատասխանի այդ ընտրությունները մեր բոլորի, մեր ժողովրդի պատկերացմամբ անցկացնելու համար։ Պետք է լիներ անցումային ժամանակաշրջան, որպեսզի ժողովուրդը կարողանար դուրս գալ այս բարոյահոգեբանական ծանրագույն իրավիճակից և ըստ էության վերարժևորեր։ Առանց վերարժևորելու իրողությունները՝ շատ բարդ է գնալ ընտրությունների»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Գոռ Գևորգյանը։
Պատգամավորի գնահատմամբ՝ այսօր ապրում ենք այնպիսի ժամանակահատվածում, երբ ունեցել ենք ծանրագույն պարտություն, և դրա արդյունքում ստեղծվել է ներքաղաքական ճգնաժամ, որին ժողովուրդը պետք է գնահատական տար և հասցներ անցնել խմորման փուլը, իսկ մինչև արտահերթ ընտրություններ չի հասցնի անցնել այդ փուլը։
Ինչ վերաբերում է Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ մի քանի պատգամավորի, այդ թվում՝ իր բանավոր հարցերին չպատասխանելուն և կառավարության առաջարկին՝ գրավոր դիմել իրենց, Գոռ Գևորգյանը նշեց. «Այդ ամենի տակ տեսնում եմ քմահաճույք, և դրա տակ՝ խույս տալ ու շրջանցել այն պատգամավորների հարցերից, որոնք լքել են «Իմ քայլը» խմբակցությունը»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում