Ուկրաինայում կորոնավիրուսի պատճառով մահացության օրական ռեկորդ է արձանագրվել ամբողջ համավարակի ընթացքում
Ուկրաինայում կորոնավիրուսի պատճառով մահերի օրական ռեկորդային թիվ է արձանագրվում երրորդ օրն անընդմեջ: Ինչպես մարտի 25-ին հայտնել է առողջապահության նախարար Մաքսիմ Ստեպանովը, անցած 24 ժամում վարակի հարուցած բարդություններից մահացել է 362 մարդ: Նախորդ հակառեկորդը նշվել է մեկ օր առաջ, երբ մահացել է 342 մարդ։ Նրա խոսքով՝ նաեւ անցած օրը երկրում հայտնաբերվել է COVID-19 կորոնավիրուսային հիվանդության 16 669 նոր դեպք. առավելագույն քանակը համավարակի սկզբից ի վեր:
Դա 17,6 տոկոսով ավելի է, քան անցած օրը, երբ վիրուս էր հաստատվել 14 174 մարդու մոտ: Մասնավորապես, հիվանդացել են 786 երեխա եւ 446 բուժաշխատող: Նախարարի տվյալներով՝ դա Ուկրաինայում նոր հիվանդների եւ մահացածների օրական առավելագույն քանակն է համավարակի սկզբից ի վեր:
Անցած օրը հոսպիտալացվել է 4 838 մարդ, ապաքինվել է 6 748-ը: Բժշկական լաբորատորիաները մեկ օրում կատարել են 128 615 թեստ, այդ թվում պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով՝ 57 818, իմունաֆերմենտային անալիզի մեթոդով՝ 22 950, SARS-CoV-2-ի նկատմամբ հակագեների շտապ-թեստերով հետազոտություններ՝ 47 847: Համավարակի ամբողջ ժամանակամիջոցում Ուկրաինայում հիվանդացել է 1 596 575 մարդ, ապաքինվել է 1 283 020 մարդ, կատարվել է 7 836 049 պոլիմերազային շղթայական ռեակցիա-թեստ: Մինչեւ պրիլի 30-ը երկրում գործում է արտակարգ դրության ռեժիմ եւ ընդհանուր կարանտին: Փետրվարի 24-ից վերսկսվել է այսպես կոչված ադապտատիվ կարանտինը, որի դեպքում տարածաշրջանները բաժանված են գոտիների՝ կախված համաճարակաբանական վտանգի մակարդակից: Առավելագույն մակարվակ է տրվել Կիեւին, ինչպես նաեւ մի շարք տարածաշրջանների, հաղորդել է ՏԱՍՍ-ը: