Բաժիններ՝

Մեր մեծագույն խնդիրը գոլ բաց չթողնելն է. Կապառոս

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի կարծիքով հավաքականն աշխարհի առաջնության ընտրական փուլում բարդ խմբում է հայտնվել:

«Գիտենք, որ Լիխտենշտեյնը փոխել է մարզչին և երիտասարդ ֆուտբոլիստների է ներգրավվել ընտրանու կազմում: Մենք մեծ խանդավառությամբ ենք մոտենում այս խաղին և լիահույս ենք, որ հանդես կգանք հնարավորինս լավ: Հասկանում ենք, որ բարդ խմբում ենք հայտնվել, որտեղ կա Գերմանիայի նման հզոր հավաքական: Ինչպես նաև Ռումինիայի և Իսլանդիայի ընտրանիները կան, որոնք մասնակցել են աշխարհի առաջնությանը: Մեր նման հավաքականները մեծ խանդավառությամբ են մոտենում նմանատիպ մրցաշարերի և փորձելու ենք խաղը խաղի հետևից առաջ գնալ»,-նախախաղային ասուլիս ժամանակ ասել է մարզիչը:

Իսպանացի մասնագետն իր խոսքում անդրադարձավ նաև հավաքական հրավիրված նորեկներին, շեշտելով, որ նրանք մեծ տարերքով են միացել ընտրանուն և եկել են երկրի պատիվը պաշտպանելու: Նա հույսեր է կապում յուրաքանչյուր ֆուտբոլիստի հետ, ով խաղում է արտերկրում կամ ներքին առաջնությունում:

«Մեր մեծագույն խնդիրը գոլ բաց չթողնելն է: Իհարկե կփորձենք մեր հնարավորությունների սահմաններում լինել հավասարակշռված թիմ: Մենք կենտրոնացած ենք առաջիկա խաղի վրա և ուզում ենք երեք միավոր վաստակել այդ հանդիպմանը»,-ասաց նա:

Մարտին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 3 հանդիպում: Մարտի 25-ին՝ ժամը 23:45-ին (Երևանի ժամանակով)՝ Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում, կկայանա Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի առաջին տուրի Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը: Մարտի 28-ին՝ ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա երկրորդ տուրի Հայաստան-Իսլանդիա հանդիպումը, իսկ մարտի 31-ին՝ ժամը 20:00-ին՝ Հայաստան-Ռումինիա հանդիպումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս