Արցախի նախագահի հրամանագրով հետմահու «Մարտական ծառայություն» մեդալով է պարգևատրվել շարքային Արթուր Արամայիսի Միրզոյանը
Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած արիության և խիզախության համար Արցախի նախագահի հրամանագրով հետմահու «Մարտական ծառայություն» մեդալով է պարգևատրվել ԱՀ ՊԲ N զորամասի շարքային Արթուր Արամայիսի Միրզոյանը։
Արթուրը Աշոցքի տարածաշրջանի Զույգաղբյուր համայնքից էր: Դպրոցն ավարտելուց հետո անցել էր պարտադիր զինվորական ծառայության: Արթուրի ավագ եղբայրը ևս պատերազմի օրերին Արցախում էր որպես պայմանագրային ծառայող: Հերոս զինվորների մայրը միայնակ է մեծացրել զավակներին և հպարտությամբ էր նշում, որ նրանց դաստիարակել է իսկական հայրենասերներ։ «Որքան կարողացել եմ որպես հայրենասեր եմ դաստիարակել»,-«Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցի ժամանակ ասաց հերոսի մայրը՝ Էթերի Կարապետյանը: Պատերազմի օրերին, երբ հարձակումը հյուսիսում էր, դա Մատաղիսն էր, որտեղ Աթուրն էր ադ պահին, երբ հարավում էր՝ Հադրութն էր, որտեղ Էթերիի ավագ որդին էր ծառայում: Էթերին ասում է այնպիսի տղաների է դաստրակարել, որ միայն հերոսանալու համար էին այնտեղ: «Պատերազմի թեժ օրերին ամենաթեժ երկու կետերում երկու որդի ունենալն անմարդկային ճիգեր են պահանջում ու կամք, որ դիմանաս ու սպասես, ապրես»:
Արթուրն ընկավ Մատաղիսում՝ հոկտեմբերի 26-ի առավոտյան: Մինչ այդ ժամկետային զինծառայող Արթոր Միրզոյանը հասցրել էր լեյտենանտի կոչման արժանանալ: Նահանջի հրամանից հետո կարողացել էր իր զինվորների մեծ մասին անվտանգ վայր հասցնել ու փրկել մահից ու գերությունից: «Հպարտությունը մի կողմ, բայց կարոտի հետ հաշտվել հնարավոր չէ: Օրերը վերքերը չեն բուժում, անհասանելի կարոտ են ավելացնում, ամեն նկարը նայելուց, ամեն կտոր հացն ուտելիս հիշում եմ: Պարզապես պիտի ուժեղ լինես ուրիշներին օրինակ ծառայելու համար»,- նշեց տիկին Էթերին: