COVID-19-ի դեմ պատվաստվելը համավարակը հաղթահարելու միակ զենքն է․ մասնագետը` կանխարգելիչ քայլերի մասին

Կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխելու և այն հաղթահարելու միակ զենքն ու տարբերակը համարվում է պատվաստվելը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց Երևանի պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի դոցենտ, համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանը։

«ԱՀԿ-ի կողմից լիցենզավորված այս պահին կա 7 պատվաստանյութ, որոնցից ՀՀ-ում միայն Սպուտնիկ V-ով են արվում պատվաստումները։ Քննարկվում են նաև առաջիկայում այլ պատվաստանյութեր ներդնելու հարցերը, սակայն թե հետագայում որը կլինի մեր երկրում, այս պահին չեմ կարող ասել։ Լիցենզավորված պատվաստանյութերը բոլորն էլ արդյունավետ են, քանի որ արդեն իսկ անցել են կլինիկական փորձաքննություններ։ Մինչև այն պահը, երբ պատվաստանյութը ստանում է թույլտվություն զանգվածային կիրառման՝ անցնում է 4 փուլ տարբեր խմբերում»,- նշեց Տեր-Ստեփանյանը։

Նա ընդգծեց, որ մի փոքր աղմուկ է բարձրացրել «Օքսֆորդ»-ի համալսարանի AstraZeneca պատվաստանյութը, որից հետո խոսվում է թրոմբոէմբոլիկ բարդությունների մասին, սակայն գիտնականների կողմից դեռևս ապացուցված չի այդ կողմնակի ազդեցությունը։

Մասնագետը շեշտեց, որ բժշկության մեջ պատվաստումները 20-րդ դարի լավագույն ձեռքբերումներից են համարվում։

«Քովիդի պատվաստանյութի վերաբերյալ կասեմ, որ մարդիկ մտածում են կողմնակի ազդեցությունների մասին, քանի որ այն շատ արագ ստեղծվեց, գրեթե 1 տարում։ Որպես մասնագետ, նայելով ամբողջ պատմությունը, կարող եմ ասել, որ բոլոր այդ փուլերը ստեղծվել են ոչ թե զրոյից, այլ արդեն իսկ եղել է որոշակի պլատֆորմ։

Ես ինքս պատվաստվել եմ առանց մտածելու կողմնակի ազդեցությունների մասին։ Կարծում եմ` ավելի լավ է պատվաստանյութից այդ ամենը լինի, քան հիվանդության պատճառով»,-ընդգծեց համաճարակաբանը։

Անդրադառնալով ալերգիա ունեցող անձանց, որոնք վախենում են պատվաստվել, մասնագետը շեշտեց, որ իրենք կարող են սկզբում հարցնել` արդյոք ալերգիայի պատճառ հանդիսացող կոմպոնենտն առկա է տվյալ պատվաստանյութում, թե ոչ։

«Պատվաստվել-չպատվաստվելու գործընթացը, բազմաթիվ քննարկումներից հետո, եթե խոչընդոտվի, ապա մենք լուրջ խնդրի առաջ կկանգնենք։ Մասնավորապես, հաշվի առնելով այս պահին աշխարհում տիրող համաճարակային իրավիճակը` եթե մենք ցանկանում ենք հաղթահարել վարակը, ապա պետք է ունենանք իմունիտետ։ Մեր երկրում, պատվաստումներն ըստ ցանկության են իրականացվում»,- նշեց մասնագետը։

Խոսելով Հայաստանում կորոնավիրուսի աճի վերաբերյալ թվերի ուռճացման մասին, համաճարակաբանն ասաց, որ եթե հիվանդներ չլինեին, ապա հիվանդանոցներն էլ ազատ կլինեին։

«Կարծում եմ, ավելի լավ կլիներ, որ մահացության այսքան շատ դեպք չգրանցվի։ Մեզ մնում է պահպանել հակահամաճարակային կանոնները՝ դիմակ դնել, ձեռքերը հաճախ ախտահանել, հեռավորություն պահել։ Եթե դիմակ չդնեինք այս ընթացքում, ապա հաստատված դեպքերի թիվն ավելի շատ կլիներ։ Սա մեխանիկական պատնեշ է, որպեսզի շնչուղիները պաշտպանված լինեն»,- ասաց Մերի Տեր Ստեփանյանը։

Նա նշեց, որ հակահամաճարակային միջոցառումները, որոնք ձեռնարկվել էին Հայաստանում՝ պետք է դառնան սովորույթ։

Տեսանյութեր

Լրահոս