Բաժիններ՝

Լրագրող Փայլակ Ֆահրադյանի շահերի ներկայացուցիչը հերքում է պահանջում Medianews.site կայքից

Լրագրող Փայլակ Ֆահրադյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սոսե Չանդոյանը հերքում է պահանջել Medianews.site կայքից։ Նա իր հայտարարության մեջ մասնավորապես գրել է․

«ՀԵՐՔՈՒՄ
Հարգելի պարոն/տիկին,

18.03.2021 թ․-ին Medianews.site լրատվական կայքում հրապարակվել է «Լրագրողն անպարկեշտ արտահայտություններ ու հայհոյանք է հնչեցրել Հակոբ Արշակյանի կնոջ ներկայությամբ, ինչից նախարարը հունից դուրս է եկել» վերատառությամբ հոդված, եւ «Լրագրողը հայհոյանք է հնչեցրել Հակոբ Արշակյանի կնոջ ներկայությամբ, ինչից նախարարը հունից դուրս է եկել» վերնագրմամբ տեսանյութ (http://medianews.site/233819/…)։ Նշված տեսանյութը՝ կայքում տեղ գտած տեքստով, նույն օրը ժամը 21:39 –ին տեղադրվել է MediaNews ֆեյսբուքյան էջում (https://www.facebook.com/watch/?v=485566142460990)։

Նյութում մասնավորապես նշվում է․ «Մեզ հայտնի են դարձել միջադեպից բացառիկ մանրամասները, ինչպես նաեւ մեր ձեռքի տակ է հայտնվել սրճարանում տեղի ունեցած միջադեպի նոր տեսագրություն»․․․․ «Լրագրողը նախարարի հետ բանավիճելիս վերջինիս կնոջ ներկայությամբ օգտագործել է անպարկեշտ արտահայտություններ, իսկ հեռանալիս, երբ բարձրանում էր սրճարանի 2-րդ հարկ, անգամ հայհոյանք է հնչեցրել, ինչն էլ հունից հանել է Հակոբ Արշակյանին, և դարձել է հետագա քաշքշուկի պատճառ»։

Հայտնում ենք, որ հրապարակման մեջ տեղ են գտել լրագրող Փայլակ Ֆահրադյանի անունը արատավորող տեղեկություններ՝ զրպարտանք: Մասնավորապես, հրապարակայնորեն ներկայացված տեղեկությունը, թե լրագրողը հայհոյել է նախարարին՝ մեջբերում. «Լրագրողը նախարարի հետ բանավիճելիս վերջինիս կնոջ ներկայությամբ օգտագործել է անպարկեշտ արտահայտություններ, իսկ հեռանալիս, երբ բարձրանում էր սրճարանի 2-րդ հարկ, անգամ հայհոյանք է հնչեցրել, ինչն էլ հունից հանել է Հակոբ Արշակյանին, և դարձել է հետագա քաշքշուկի պատճառ», իրականության հետ որեւէ աղերս չունի: Փ. Ֆահրադյանը ո՛չ ԲՏԱ նախարարից հարցազրույց վերցնելիս, ու ո՛չ էլ դրանից հետո չի՛ վիրավորել ու չի՛ հայհոյել նախարարին: Լրատվամիջոցի տվյալ ձեւակերպումը արատավորում է լրագրող Փայլակ Ֆահրադյանի պատիվն ու արժանապատվությունը:

Նույնը վերաբերում է MediaNews յութուբյան էջում ներբերռնված տեսանյութին, կցված տեքստին (https://www.youtube.com/watch?v=TiHcPuagkiA) եւ MediaNews ֆեյսբուքյան էջի հրապարակմանը:

Medianews.site-ն իրեն հայտնի «բացառիկ մանրամասներ»-ի անվան տակ հանրությանը մոլորեցնելու եղանակով փորձել է որպես անհերքելի ապացույց ներկայացնել, ինչպես նշված է տեքստում «տեսաձայնագրությունը», որն էլ իբր փաստում է, թե ինչպես է լրագրողը հայհոյում նախարարին, մինչդեռ բնօրինակ տեսանյութում բացակայում է ձայնը: Հիմք ընդունելով վերոշարադրյալը եւ առաջնորդվելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով՝ խնդրում ենք Ձեզ հրապարակել վերոնշյալ հոդվածով լրագրող Փայլակ Ֆահրադյանի պատիվն ու արժանապատվությունը արատավորող ու զրպարտող տեղեկությունների հերքում ինչպես Medianews.site լրատվական կայքում, այնպես էլ MediaNews ֆեյսբուքյան ու յութուբյան էջերում:
Խնդրում ենք նաեւ նշված հարթակներից հեռացնել Փայլակ Ֆահրադյանի անձն ու արժանապատվությունը արատավորող ու վիրավորող մեկնաբանությունները»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս