
Գերմանիայի օդանավակայանում ձերբակալել են ԻՊ անդամ լինելու մեջ կասկածվող մի կնոջ

Գերմանիայի միջազգային Բեռլին-Բրանդենբուրգ օդանավակայանում ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեջ կասկածվող Շտեֆանի Ա.-ն, ով այդ երկրի քաղաքացի է: Այս մասին հայտնում է Գերմանիայի գլխավոր դատախազությունը:
«Մեղադրյալը երկու կետով կասկածվում է օտարերկրյա ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեջ: Նա նաև կասկածվում է ծնողի և խնամակալի պարտականությունները խախտելու ու ռազմական հանցագործությունների մեջ»,- ասվում է դատախազության հայտարարության մեջ:
Հետաքննության տվյալների համաձայն՝ Շտեֆանին 2016 թվականին անչափահաս տղայի հետ մեկնել է Սիրիա՝ ամուսնու մոտ, ով ԻՊ զինյալ է: Սիրիա ժամանելուց հետո կասկածյալը միացել է ահաբեկչական խմբավորմանը, որդուն ուղարկել է ահաբեկիչների վերապատրաստման ճամբար: 2018 թվականին տղան մահացել է:
Շտեֆանի Ա.-ն մարտի 25-ին կկանգնի դատարանի առաջ: